Մեղրիում ձորն ընկած զինվորական «Ուրալի» վարորդ, ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատները պնդում են՝ մեքենան անսարք է եղել, Հովսեփն այդ մասին պարբերաբար ասել է նաև տնեցիներին։
«Թող հեռախոսազանգերը ստուգեն», – պահանջել է զինծառայողի բարեկամներից Վեմիր Հովհաննիսյանը: Հովսեփի մայրը պատմել է՝ ինքը մեքենաներից գլուխ չի հանում, բայց նույնիսկ իր հետ խոսելիս է տղան մեքենայի անսարքությունից բողոքել․ «Միշտ ասում էր՝ մամ, էս ավտոն խարաբ, անսարք ավտո ա, կցել են ինձ»:
Վթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել, 20-ը տարբեր աստիճանի վնասվաքներով հոսպիտալացվել են Սիսիանի և Երևանի հոսպիտալներ։ Զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։
Վարորդը՝ ժամկետային Հովսեփ Համբարձումյանը, վերակենդանացման բաժանմունքում է։ Բազմաթիվ կոտրվածքներ ունի։
Դեպքի հաջորդ օրը «Ազատություն» ռադիոկայանը գրել էր՝ հոսպիտալում պառկած զինծառայողներից մեկի մայրը պատմել է, որ զինվորական մեքենաների անսարքության հարցը հաճախ մնում է զինվորների ուսերին․ «Իրենք են իրենց գումարով այդ «Ուրալները» վերանորոգել՝ զինվորները, երեխեքը…. ոչ մեկից ոչ մի օգնություն։ Քանի անգամ պատահել է նման դեպք։ Պատահել է, որ մաս է պակասել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի։ Քանի՞ նման զոհ ու վիրավոր պիտի բերեն։ Դաս չեղավ ոչ մի անգամ»։
Պաշտպանության նախարարությունից անմիջապես արձագանքել էին՝ «ՊՆ հաշվեկշռում առկա և ԶՈՒ կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են»: Գերատեսչությունից, այդուհանդերձ, վստահեցրել են, թե «հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն», կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:
Նախարարության «հերքումից» հետո Հովսեփ Համբարձումյանի հարազատները «Ազատությանը» պատմել են, որ դեպքից մի քանի օր առաջ են խոսել Հովսեփի հետ։ Զինծառայողը մարտական հերթապահության է եղել, հարազատների խոսքով՝ որպես վարորդ զորակոչված տղան ծառայության ընթացքում մեքենա առանձնապես չի վարել, քանի որ նրան կցված «Ուրալն» անընդհատ չի գործել։
Ապրիլի 12-ին նրան ասել են՝ մեքենան սարքին է։ «Էդ ավտոն ինքն իրան խոդ չի ընկել, բրդելով են խոդ տվել, էրեխուն հանել են սարի գլուխը, անձնակազմին լցրել են մեջը ու անսարք վիճակում, էլ բառ չկա ասելու, ուղղակի անփութություն», – ասել է Հովհաննիսյանը: Հարազատների տեղեկություններով՝ Հովսեփն այդ մեքենայով երկու դիրքի անձնակազմ պիտի տեղափոխեր:
Մեքենան ձորն է ընկել Մեղրի համայնքի Նռանձորի դժվար անցանելի ճանապարհի հատվածում։ Զինվորների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում պատճառով 20-ից ավել երիտասարդներ հայտնվել են կիսասարք մեքենայի թափքում։
Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ քրեական վարույթ կա նախաձեռնված․ առգրավվել են ավտոմեքենայի շահագործմանը վերաբերող փաստաթղթերը, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում հրամանատարներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Այս պահի դրությամբ քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։