Home / Բանակ / Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը

Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը

Վարդենիսի (Ազատ գյուղ) զինվորական կացարանի հրդեհի գործով մայիսի 17-ի դատին ցուցմունք է տվել հրդեհից փրկված երկու տուժողներից մեկը՝ վարդենիսցի Ժիրայր Սահակյանը։ 

Դատախազները, փաստաբանը, պաշտպանները խաչաձև, կրկնվող հարցեր էին տալիս, որ ստուգեն «ասածի արժանահավատությունը»։ 15 զոհված զինծառայողների ծնողները, որոնք երբեմն միջամտում էին դահլիճից, ի սպառ չէին հավատում նրա խոսքերին․ «Ավելի լավ տղա կլինես, եթե ասես, որ իրականում այնտեղ չես եղել»։ Հրդեհից ժամեր առաջ զինվորական կացարան էին եկել Ժիրայրի հայրն ու եղբայրները։ Ի տարբերություն մյուս փրկված զինվորի՝ նրա մարմնին լուրջ այրվածքներ չկային։ Ներկաներից շատերը մտածում էին, որ Սահակյանը հրդեհի ժամանակ դեպքի վայրում չի եղել, «անգիր արած տեքստ» է ասում, թաքցնում է հանգամանքները։ Նրա և հրդեհը վերապրած մյուս զինվորի ցուցմունքներում կային հակասություններ, որոնք կրկնությունից չէին վերանում։ 

Տուժածին ուղղված հարցերը հանգում էին եզրակացությանը՝ նա փրկվել է, բայց չի փրկել այրվող ընկերներին։ «Որ տեսաք՝ երկու հոգի հրդեհը մարում են, ինչո՞ւ ձայն չտվեցիք, որ գան, միահամուռ ուժերով փորձեք», «եթե սրբիչը դրել եք ձեր երեսին, որ կարողանաք շնչեք, ինչու մյուսներին հնարավորություն չեղավ օգտվել նույն մեխանիզմից», – հարցնում էր դատախազը։ Նույն հարցերը հետագայում տալիս էին նաև տուժողների իրավահաջորդները և նրանց փաստաբանը։

Սահակյանը  չէր արդարանում, կրկնում էր «այն, ինչ հիշում է, այն, ինչ տեսել է», մի քանի անգամ ասաց, որ «խառնաշփոթ էր», «իրենք իմ ախպերներն են եղել», «չեմ կարող իմ ապրումները նկարագրել, ոչ էլ նկարագրելու է..»։ 

Քանի որ նիստին այլ տեսանկարահանում չկար, հրապարակում ենք մեր ունեցած բոլոր կադրերը (մոտ 4 ժամ)՝ առանց կրճատումների ու մոնտաժի1

Հատվածներ Ժիրայր Սահակյանի ցուցմունքից. 

Կացարանի առօրյան 

Զինվորական կացարանի վերածված գյուղական տունը ուներ միջանցք, որտեղ կար հեռուստացույց և սեղան։ Մուտքի մոտ վառարան էր դրված։ Տղաներն այնտեղ նաև «եկեղեցի էին սարքել՝ սրբի նկարներով»։ Միջանցքը ննջարանից բաժանվում էր փայտյա դռներով, որոնք լավ չէին փակվում․ արանքում ռեզին էին դրել, որ ննջարանը տաք մնա։ Ննջարանում երեք շարքով երկհարկանի մահճակալներ էին։ Պատուհանները դրսից փակված էին մետաղյա ճաղերով։

Image4

Ձմեռը ջրի խողովակները սառում էին, ցերեկները հերթապահներն էին տաքացնում-բացում, որ ջուր հավաքեն, կամ ջուր էին բերում հարևան տներից։ Տան հատակը ու տանիքը փայտից էին, բալկոնը՝ հիմնականում փայտից, պատերը՝ քարից։ Չուլանում ունեին կրակմարիչ, որը չէր աշխատում։ Տուժողը չի հիշում, որ անվտանգության կանոնները վերադասները երբևէ պարզաբանած լինեն, «ուստավից» էլ տեղյակ չէր։

Վառարանը կոնկրետ պատասխանատու չուներ։ Սովորաբար, վառում էին հերթապահները, որոնք պիտի արթուն մնային գիշերը և կարող էին հետևել կրակին։ Որպես կպչան օգտագործում էին սոլյարկայի և թեփի խառնուրդ։ Այդ օրը սպա Եղիշե Հակոբյանը բենզին է օգտագործել որպես կպչան։   

Հրդեհի օրը 

Յոթի կողմերը բոլորը հավաքվել են տանը, Սերոժը բորշ է եփել: Ընթրիքից հետո Ժիրայրին այցելել է հայրը, որպեսզի տանի շորերը լվանալու. «Լվացքի մեքենան փչացել էր»։ Սուրճ են խմել ու գնացել։ Ներկա է եղել նաև Եղիշը (գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը)։ Հակոբյանը ընթացքում գնացել է արուժեյկի սենյակ՝ զինանոց, երևի հեռախոսով «կրակոցի» խաղալու։ Մյուսները զբաղվել են հիգիենայով։ Զինվորներից մի քանիսը առավոտյան պիտի գնային Երևան՝ ռազմական ոստիկանությունից էին կանչել։ Զորամասում հրդեհից առաջ ինչ-որ դեպք է պատահել։ Ժիրայրը ենթադրում է՝ տելեգրամով նարկոտիկ առնելու թեմայով։ Մի քանի օր առաջ սմարթֆոնները հավաքվել էին։ Հրամանատարությունը ասել էր, որ սրանից հետո պետք է ծառայեն ըստ կանոնագրքի։

Երեկոյան 9.30-ի կողմերը Արամը անվանականչ է արել, հետո բոլորով աղոթել են ու գնացել քնելու։ 

«Ես զարթնել եմ Ռադիկի ձայնից, որ լուսամուտը ջարդեց ու գոռաց՝ տղեք, զարթնե՛ք, պաժառ ա։ Թունդ խեղդող ծուխը լցված էր կազառման, աչքերս բացեցի՝ էդ կրակի բոցի լույսը քցեց կազարմա»։ 

Ժիրայրը վազել է դեպի դուռը ու այդտեղ դժվարացել է շնչել։ Մոտակա պատուհանն է փորձել ջարդել՝ չի ստացվել։ Վերադարձել է մահճակալի մոտ։ Բերանին դրել սրբիչը։ Դռան մոտ նկատել է երկու հոգու, ովքեր ծածկոցով փորձում էին կրակը մարել։ Մեկ մետրի վրա էլ չի նկատել՝ ովքեր են նրանք։ Այլ շարժ սենյակում չի նկատել։ Մոտեցել է մյուս պատուհանին և նկատել, որ դրսում գտնվողները ճաղերը ծռել են, Գարուշին քաշում են, որ հանեն։ Գարուշից հետո դրսի զինվորները հանել են նաև իրեն՝ պատուհանի ճաղերի արանքից։ Ձութ էր թափվում կռիշից։ Եղիշի ձեռը ոնց-որ թե երկաթ կար, փորձում էր ռեշոտկեքը ջարդել։ Ռադիկը փորձում էր ռեշոտկեն պոկեր։ Սողոմոնյան Արսենը փորձում էր շենքի ճաքած պատը քանդել։ Վաղինակն էլ Ուռալով խփել է պատին, որ փլի, հանի տղերքին։ Ներսում այդ պահին շարժ արդեն չի եղել։ Տղաներից մեկը փորձել է նույն պատուհանով դուրս գալ, մայկից բռնել են, որ քաշեն, բաց են թողել, ու նա էլ չի արձագանքել։

Դեպքից հետո ողջ մնացածներին տարել են հոսպիտալ, առավոտյան զինվորական համազգեստով մարդիկ են եկել՝ փոխգնդապետ ու գնդապետ։ Առաջին հարցաքննությունն այնտեղ է եղել։ 

Հակասությունները շատ են 

Զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են քննությունից։ Նրանք ստիպված են կարդալ գործի հարյուրավոր հատորները, հարցուփորձով վերարտադրել ննջասենյակի մակետը։ Ստիպված են հակասություններն ինքնուրույն ի մի բերել։ 

Ինչպե՞ս է ստացվել, որ ճաղերից առաջինը դուրս եկած Գարուշը լուրջ այրվածքներ ունի և պնդում է, որ կրակն արդեն ներթափանցել էր ննջասենյակ, իսկ Ժիրայրը, որը երկրորդն է դուրս եկել կացարանից, կազարմում կրակ չի տեսել և չի հասցրել այրվել։

Ինչո՞ւ են զինվորների ցուցմունքները ընթացքում փոխվել։

Ի՞նչ է եղել դեպքից առաջ։ Նրանք վառելիքի ապօրինի առքուվաճառքի, թմրանյութերի, դեպքին նախորդած վիճաբանությունների մասին տեղեկություններ ունեն, որոնք ողջ մնացածները չեն հաստատում։

Սրանք հարցերից ընդամենը մի քանիսն են։ Քննությունը համոզիչ պատասխաններ չի առաջարկում։ Պաշտպանության նախարարությունում բարդակ է, բարդակ է նաև քննչական կառույցներում։

Հայկի և Գոռի հայրերը պարբերաբար հարցեր էին հուշում բոլոր զոհվածներին ներկայացնող փաստաբան Նորայր Նորիկյանի ականջին։ Արամի պապիկը մատնանշում էր նախաքննական և դատավարական ցուցումքների հակասությունները։ 

Ծնողները նոր փորձաքննություններ էին առաջարկում (օրինակ՝ շունչը պահելու), պահանջում էին առերեսում կազմակերպել երկրորդ տուժողի՝ Գալուստ Սարգսյանի հետ դատական հաջորդ նիստին։ Դատավորն ասաց, որ ընթացակարգը առերեսումներ չի ճանաչում։ 

Դժգոհ էին նաև մեղադրյալ կողմի փաստաբանները։ Նրանցից մեկը՝ Վահագն Հակոբյանը  ընդմիջումներին միջանցքում ասում էր՝ տեղից հակադարձում էր՝ մեղավոր են ոչ թե իրենց պաշտպանյալները, այլ «բանակը բարդակ ա»։ Մեղադրյալների աթոռին առաջ 5 հոգի էր՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը փորձել է բենզինով թեժացնել վառարանի կրակը և անզգուշությամբ հրդեհ է հարուցել, և 4 սպաներ, որոնք պատասխանատու էին զինծառայության կազմակերպման համար։ Ըստ ծնողների, վերջերս մեղադրանք է առաջադրվել նաև օրվա հերթապահ ժամկետային զինծառայող Ռադիկին։

Տուժող Ժիրայր Սահակյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատին։ Դատավորն արգելեց նրան արտագնա աշխատանքների մեկնել Վորոնեժ։

1 Տեսանյութը ավելացվել է մայիսի 19-20ի գիշերը