Home / Բանակ / «Պաժարն իմ սխալմունքով է եղել». սպայի խոստովանականից

«Պաժարն իմ սխալմունքով է եղել». սպայի խոստովանականից

Վարդենիսի (Ազատ գյուղ) զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությանն այսօր ցուցմունք է տվել հինգ մեղադրյալներից գլխավորը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը։ Նա հաստատել է պաշտոնական վարկածը, ըստ որի՝ հունվարի 19-ի կեսգիշերն անց ինքը փորձել է վառել կացարանի մուտքի մոտ գտնվող վառարանը, որպես կպչան ավտոբենզին է օգտագործել, կայծից հրդեհ է բռնկվել, ինքը այրվածնքեր է ստացել և մեխանիկորեն մի կողմ շպրտել 5 լիտրանոց բենզինի տարան, որն ընկել է կացարանի մեջ։ Հրդեհի էպիկենտրոնը եղել է մուտքի մոտ, զինվորները ներսում են եղել, տնակի պատուհաններին փակված էին ճաղավանդակներով։ Ժամկետայիններից երկուսին՝ ճաղավանդակները ծռելով, հանել են դրսում գտնվող ծառայակիցները։ Զինվորներից մեկը փորձել է դրսից փլուզել կացարանի որմը՝ «Ուրալով» երկու անգամ հարվածել է պատին, բայց ուշ է եղել։ 15 զինծառայող մնացել է կրակի մեջ։

Սևանի դատարանում կապիտան Հակոբյանը հաստատել է պաշտոնական վարկածը․ «Պաժարն իմ սխալմունքով է եղել»։ Հրդեհի բռնկման պահին, ըստ նրա, ինքն ու օրապահ Լևոն Խառատյանը փորձել են հանգցնել հրդեհը, հետո սկսել են բղավել, որ ննջարանում գտնվող զինվորները դուրս գան։

«Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը ներս  է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դռան կողմը, դեպի վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի պատալոկը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ Ինքը 2 անգամ մտել դուրս է եկել, ինձնից շատ է այրվածք ստացել։ Պաժարն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել։ Էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Երբ կրակն էի հանգցնում, ձայները լսում էի՝ լուսամուտի գոռում էին «տղերք, պաժար է, դուրս եկեք»։ Ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։ Եթե իմանայի, որ իրենք դուրս չեն եկել, ես էլ դուրս չէի գա տնից։ Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտից դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ ու տեսել, որ ճաղավանդակը ծռել են՝ Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել։ Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ։ Երբ որ բռնեցի, մայկան ճղվեց։ Այդպես էլ չկարողացա երրորդին փրկել», – պատմել է կապիտանը։

Հակոբյանը հերքել է խոսակցությունները, թե ինքը թմրանյութ է օգտագործել:

Մինչ այդ ցուցմունք է տվել նաև գործով անցնող վկան՝ օրապահ Լևոն Խառատյանը: Պաշտպանական կողմի գրեթե բոլոր հարցերին նա նույն պատասխանն է տվել՝ «չեմ հիշում»: Չնայած դատարանում նա գրեթե ոչինչ չի պատմել, պաշտպանական կողմը պնդում է՝ նախաքննության ընթացքում օրապահը մանրամասն նկարագրել է հրդեհի օրը տեղի ունեցած դեպքերը։

Զոհված 15 զինծառայողներից 13-ի իրավահաջորդներին ներկայացնում էր փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Պաշտպանը շարունակ հայտարարում էր, թե Խառատյանի ցուցմունքում հակասություններ կան․ «Միջդատական ընթացքում ինքը բոլորովին այլ իրավիճակով է բնութագրել [կացարան մտնելու և Եղիշե Հակոբյանին տեսնելու դրվագը], դատաքննության ընթացքում մի քանի անգամ այլ ձևով», մի անգամ նա ասել է, թե հրդեհից հետո հիվանդանոցում զրուցել է Եղիշե Հակոբյանի հետ, հետո հերքել է դա։

Զոհվածների ծնողները և նրանց պաշտպանը սա կասկածելի են համարում։ Մինչ այս նրանք հայտարարել էին՝ սեփական հետաքննությունն են արել, բազմաթիվ հակասություններ են գտել, պաշտոնական վարկածին չեն հավատում։

տե՛ս Երեխաներին բանակ չուղարկեք․ այրված զինվորների ծնողները հետաքննություն են արել

Դատարանում այսօր հարցաքննվել է նաև մյուս մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը: Ասել է՝ Եղիշե Հակոբյանից իմացել էր, որ մինչ այդ զինվորներից մեկի ծնողներն են կացարան եկել, ճաշել են: Տուժողների ներկայացուցիչը նրանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ այդ ընթացքում թմրանյութ է օգտագործվել, որևէ բան այդ մասին կապիտանը պատմե՞լ է: «Հաց ուտելուց հետոյվա շարունակությունը ինքն էլ չի իմացել, թե ինչ է եղել», – պատասխանել է Սարգսյանը:

ծնողների հարցերը

Որդեկորույս ծնողները դժգոհ են նախաքննությունից, չնայած գործն արդեն մի քանի ամիս է դատարանում է։  Անցած ամիսների ընթացքում նրանք մի քանի անգամ բողոքի ցույցեր և ասուլիսներ են հրավիրել, ահազանգել են՝ կացարանում ոչ կանոնադրական հարաբերություններ են եղել, զոհված տղաները նախկինում պատմել են սպաներից մեկի հետ կոնֆլիկտի, ծեծկռտուքի մասին։ Ծնողները չեն բացառում, որ հրդեհը «կազմակերպվել է» ինչ-որ այլ բան թաքցնելու համար։

Ինչո՞ւ են 20-ից ավել զինվորների պահել երկսենյականի փոքրիկ տնակում՝ առանց տարրական կենցաղային պայմանների։ Ինչո՞ւ է վառարանը մուտքի մոտ տեղադրված եղել, ինչո՞ւ էին բոլոր պատուհանները փակված ճաղավանդակներով։ Ինչո՞ւ էր ԱԻՆ գնդապետն ի սկզբանե հայտարարում, որ զոհերի մարմինները մահճակալների վրա են հայտնաբերվել։ Ինչո՞ւ է նրա այս հայտարարությունը հետագայում հերքվել՝ առանց ապացույցներ ներկայացնելու։

Ինչո՞ւ ԱԻՆ-ը դեպքի վայրի լուսանկարներ չի արել, ո՞րն է պատճառը, որ այրված զինվորների մարմինները և կացարանը չեն նկարահանվել։ Ովքե՞ր են զինվորների մարմինները դուրս հանել ննջարանից մինչև քննչական գործողությունների սկսվելը։ Ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը։ Եթե հրդեհը բենզինից է բռնկվել, ինչո՞ւ է դատաբժշկական փորձաքննությունը փաստում, թե զինվորները մահացել են շմոլ գազի թունավորումից։ Պաշտոնական վարկածից բացի՝ այլ վարկած քննվո՞ւմ է

տե՛ս Ինչ են արել զինվորների հետ հրդեհից առաջ. հարազատները փողոցներ էին փակել

Դեպքից հետո զոհերի հարազատները այցելել են այրված կացարան, «մաղել են ամբողջ հողը, 7 հեռախոս են գտել, ժամացույցներ են գտել»։ Հարցնում են՝ ինչպե՞ս է ստացվել, որ քննիչներն այս առարկաները չեն առգրավել, չեն կցել գործի նյութերին։

Հարցերի մեծ մասը, ըստ նրանց, անպատասխան է մնացել։ Դատավարությունը դեռ շարունակվում է։