Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքային միգրանտների դեմ բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են արտասահմանցիների հանրակացարաններ, կազմակերպել ջարդեր։ Ծեծկռտուքից տուժել է 29 մարդ։ Ոստիկանությունը նրանց էթնիկ պատկանելիությունը գաղտնի է պահում, բայց ըստ վկայությունների՝ տուժածների մեծ մասը պակիստանցի ու հնդիկ ուսանողներ են։
Ղրղզստանի կառավարությունը վստահեցրել է, որ ուժեղացնում է հսկողությունը արտասահմանցիներով բնակեցված թաղամասում, հորդորել է չտրվել սադրանքների և չշտապել կատարվածում տեսնել միջէթնիկ անհանդուրժողականություն։
Զանգվածային անկարգությունների պատճառը, ըստ իշխանությունների, սոցիալական մեդիայում տարածված կեղծ տեղեկությունն է եղել, թե իբր օրեր առաջ մի խումբ արտասահմանցիներ ծեծել են ղրղզներին։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածով, երեք ձերբակալվածները արտասահմանցի են։ Հրապարակվել է տեսանյութ, որտեղ նրանք ներողություն են խնդրում, ինչը, սակայն վրեժխնդրության ձգտողների կրքերը չի հանդարտեցրել։
Մայիսի 17-ի երեկոյան Չուի պողոտայի և Կուրմանժան Դատկա փողոցի խաչմերուկում գտնվող հանրակացարանում հավաքվել են մի քանի հարյուր (տարբեր տվյալներով՝ 100-ից 300) տեղացիներ, որոնք ուզում էին զանգվածային ծեծկռտուքի մասնակից օտարերկրացիները «հարցերը լուծել»։ Ժամը 1-ի դրությամբ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է հազարի: Հավաքվածները, ըստ 24.kg-ի, պահանջել են ուժեղացնել օտարերկրացիների նկատմամբ վերահսկողությունը կամ նրանց դուրս հանել Ղրղզստանից։
Տեղ հասած ոստիկանական ուժերը փորձել են շրջափակել ցուցարարներին, որոնք էլ իրենց հերթին ճեղքել են պատնեշը, բախվել ոստիկանների հետ, ավերել հարևան շենքները։ Մասնավորապես, ցուցարարները կոտրել են արտասահմանցի ուսանողների հանրակացարանների ապակիները:
Առավոտյան ոստիկաններին հաջողվել է համաձայնության գալ ցուցարարների հետ և վերականգնել երթևեկությունը։ Հաղորդվում է տասնյակ բերման ենթարկվածների և տուժածների մասին:
Ըստ Ղրղզստանի առողջապահության նախարարության՝ անկարգությունների ժամանակ տուժել է առնվազն 29 մարդ։ 15 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով։ Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 18-ի կեսօրին Բիշքեկի հիվանդանոցում մնացած երեք տուժածներից մեկը Պակիստանի քաղաքացի է, որի մոտ ախտորոշվել է ծնոտի կոտրվածք։
Ղրղզստանում Պակիստանի դեսպանատունն իր հերթին հաղորդել է, որ միջադեպի հետևանքով Պակիստանի 14 քաղաքացի է վիրավորվել՝ հերքելով երեք պակիստանցիների սպանության մասին տեղեկությունները:
Դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել մնալ տանը, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել, մայիսի 18-ի երեկոյան կազմակերպվել են էվակուացիոն չվերթներ։ Հնդկաստանի դեսպանատունը ևս նման հաղորդագրություն է տարածել: «Ուսանողներին խորհուրդ է տրվում առայժմ մնալ տանը, և եթե որևէ խնդիր առաջանա, դիմեք դեսպանատանը», – ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հանրակացարանում պաշարված պակիստանցի և հնդիկ ուսանողները լրատվամիջոցներով ու սոցցանցերով օգնության կոչեր են անում, ասում, որ ոստիկանությունը չի պաշտպանում իրենց, հարձակվողները ռասիստական կոչեր են արել, ու շենքերի պատերին գրել՝ «պակիստանցիներ, հեռացե՛ք»։
Բիշքեկի բժշկական համալսարանի ուսանող պակիստանցի Հասնայ Ալին Ազատություն ռադիոկայանին հեռախոսով հայտնել է, որ հանրակացարանում սնունդն ու ջուրը սպառման եզրին են։
Այսօր առավոտից հանրակացարաններում մնացածներին սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր են տանում քաղաքացիական խմբեր։
Ղրղզստանն ու խոպանը
Ըստ ԱԳՆ-ի՝ Ղրղզստանում աշխատանքի թույլտվություն ունեն 5 հազար 322 միգրանտներ, բացի այդ երկրում սովորում են 369 բանգլադեշցի, 6223 պակիստանցի, 5376 հնդիկ ուսանողներ։
Ղրղզստանն իր հերթին մեծ թվով խոպանչիներ ունեցող երկիր է։ Ամեն չորրորդ տնային տնտեսություն ունի ամենաքիչը մեկ աշխատանքային միգրանտ։ Ըստ Աշխատանքի նախարար Գուլնարա Բաատիրովայի՝ միլիոնից ավել ղրղզ աշխատում է դրսում։ «Մենք պետք է խուսափենք օտարերկրացիների նկատմամբ բացասական վերաբերմունքից», – ասել է նախարարը՝ հիշելով օտար երկրներում աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող ղրղզներին։
Աշխատանքի նախարարը պնդել է, որ երկրում աշխատուժի պակաս կա, իսկ միգրանտներին «վռնդելը բացասաբար կանդրադառնա պետությանը հարկ վճարող փոքր ու խոշոր ձեռնարկությունների սեփականատերերի վրա, արտադրությունը կդադարի, և երկրի տնտեսությանը լուրջ վնաս կհասցվի»։ Բաատիրովան ստեղծված իրավիճակում մեղադրել է սադրիչներին և ինտերնետային ֆեյքերին։
Երկրի ԱԱԾ պետը, սակայն, համաձայն չի Աշխատանքի նախարարի հետ։ Ծառայությունը ակտիվ միջոցառումներ է իրականացնում ապօրինի միգրանտներին հայտնաբերելու և արտաքսելու ուղղությամբ։
Ավելի վաղ Ղրղզստանի ՆԳՆ-ն հայտարարել է առաքման ծառայություններում աշխատող ավելի քան 400 օտարերկրյա ուսանողների աշխատանքային գործունեությունը դադարեցնելու մասին։ Նախարարությունն իր գործողություններն արդարացնում է օտարերկրյա ուսանողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացմամբ և անօրինական միգրացիայի դեմ պայքարով։
Ստուգումների ֆոնին ՆԳՆ-ն առաջարկել է նաև ավելացնել միգրանտների տուգանքները՝ Ղրղզստանում գտնվելու կանոնները խախտելու համար։ Նախարարությունն առաջարկում է տուգանքները 5-ից հասցնել 20 հազար սոմի՝ կախված երկրում օտարերկրացու ապօրինի գտնվելու տևողությունից։