39-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահը քննվում է որպես ինքնասպանություն։ Մամուլում վարկածներ են տարածվում, թե զինծառայողը պարտքեր է ունեցել և ինքնասպան է եղել
«Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով», – երեկ երեկոյան գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ավանյանը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից էր։ Ամուսնացած էր, ուներ երեք մանկահասակ երեխաներ։ 12 տարի է՝ պայմանագրային հիմունքներով ծառայում էր բանակում։
Նախքան Քննչական կոմիտեի պաշտոնական վարկածի հրապարակումը «Ժողովուրդ» օրաթերթը, հղվելով «իրենց հասած տեղեկություններին» և «իրավապահ համակարգում առկա լուրերին», գրել էր, թե զինծառայողը «ինքնասպան է եղել», «այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել», «նա շատ պարտքեր է ունեցել»։ Վերջում լրատվամիջոցը հավելել էր․ «Որքանով են այս վարկածները հիմնավոր՝ ցույց կտա քննությունը»։
Քիչ անց Քննչականը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել է՝ 39-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան դեպքում քրեական գործ է հարուցվել ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
«․․․Մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն», – գրել է ՔԿ-ն։
Տարեսկզբից Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում առնվազն 11 զինծառայող է զոհվել։ Պաշտպանության նախարարությունը որպես կանոն ոչ բոլոր դեպքերի մասին է հընթացս հաղորդում։
Մահերից 4-ը սպանություն է որակվել (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Արթուր Գրիգորյան, Կարեն Կարապետյան), երկուսը՝ ինքնասպանություն (Միքայել Դանիելյան և երեկ մահացած Արտակ Ավալյան), մեկը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան)։ Եվս 4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով։
Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։