Home / Բանակ / Ինչո՞ւ կա չաստ նայող․ մահացած զինվորի մայրը չի հավատում վարկածին

Ինչո՞ւ կա չաստ նայող․ մահացած զինվորի մայրը չի հավատում վարկածին

19-ամյա զինծառայող Նարեկ Գրիգորյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել Ռազմական ոստիկանության (ՌՈ) կարգապահական վաշտում։ Նրա մայրը՝ Վարսիկ Հովհաննիսյանը, Forrights.am-ին պատմել է, որ տղային ՌՈ են տեղափոխել դեպքից 20 օր առաջ, մահվան օրը նա պետք է հետ տարվեր Բերդի զորամաս, որտեղ հասցրել էր ծառայել 4 ամիս։

Ծնողներին Քննչական կոմիտեից ասել են, որ Նարեկն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել՝ փոքրիկ թուղթ ծխախոտի տուփի մեջ․ «Մամ, պապ, ես ձեզ սիրում եմ, ինձ կներեք»։ Թուղթը մինչև հիմա Քննչականում է, ծնողներին այն չեն փոխանցել։

Պաշտպանության նախարարությունը Նարեկ Գրիգորյանի մահվան մասին հաղորդել է նոյեմբերի 13-ին։ Քննչականից հաջորդ օրն են հաստատել՝ զինծառայողը կախվել է ՌՈ-ում։ Քրեական գործ են հարուցել «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

«Այդ օրն առավոտյան հաց են կերել, պետք է շարվեին, որ գնային զորամաս։ Նարեկին ու մյուսներին ասել էին՝ գնացեք, հավաքեք ձեր իրերը, որ զորամաս գնաք։ Գնացել են հավաքելու, շարահարապարկում տեսել են՝ Նարեկը չկա։ Մտել են խոհանոց, տեսել։ Վերջի օրո՛վ։ Իմ հարմար հարց է մնում՝ ինչո՞ւ վերջին օրով, 20 օր դիմանալուց հետո», – Forrights.am-ին ասել է մայրը։

Նարեկը Արարատի մարզի Աբովյան գյուղից էր, հունվարի 15-ին էր զորակոչվել բանակ։ Երևանում 5 ամիս ծառայելուց հետո տեղափոխվել էր Բերդի զորամաս։ Ջոկի ավագն էր։ Մոր խոսքով՝ մոտ 10 ամիսների ընթացքում տղան գանգատներ չի ունեցել, ծառայությունից գոհ է եղել։

Թեև Նարեկը կապավոր էր, հոկտեմբերին նրան դիրքեր են հանել․ «Մարտական ծառայություն իրականացնողների խնդիր կար», տանում էին նաև նրանց, ովքեր պիտի որ զորամասում մնային։

«Հոկտեմբերին դիրքեր է բարձրացել, ութ հոգով են եղել։ Դիրքերում սնունդ են պատվիրել։ Իրենց ծառայակից ընկերներից մեկը մատնել է, որ տղաները պիցցա և խորոված են պատվիրել։ Այդ տղայի և յոթ հոգու միջև վիճաբանություն է սկսվել։ Ռազմական ոստիկանություն է եկել, որոշվել է, որ յոթ հոգին էլ պետք է կարգապահական վաշտ տեղափոխվեն», – մոր տեղեկություններով, հենց այսպես է Նարեկը հայտնվել Ռազմական ոստիկանությունում։

Դիրքերից, ըստ նրա, բոլորին իջեցրել են զորամաս․ «Կամբատը ծեծի է ենթարկել տղաներին, թե ինչու եք դիրքերում պատվերներ կատարում։ Շարքի մեջ ծեծել է նրանց»։

Հետագայում «թեմա է եղել» նաև կարգապահականում։

«Կարգապահականում էլ ինչ-որ տղա կա, իր հետ է եղել խնդիրը։ Գրքի հետ է կապված եղել։ Զինվորներից մեկը գիրքը պատռել է, Նարեկն էլ ասել է, որ դա իր զինակցի գիրքն է եղել, տվել է, որ Նարեկը կարգապահականում կարդա։ Ասում են, որ դա «չաստ նայողի» մոր գիրքն է եղել, տարել զուգարանում պատռել է, իրբ թե թուղթ չի եղել։ Ես չեմ հավատում, որ այս կոնֆլիկտը տղայիս տանելու էր մահվան», – ասել է Վարսիկ Հովհաննիսյանը։

Քրեական գործով, ըստ նրա, կալանավորված են Նարեկի հետ կարգապահական վաշտ գնացածները, նոյեմբերի 4-ին իրենց զորամասից կարգապահական վաշտ այլ թեմայով եկած երկու հոգին․ «Գիտեմ, որ [կալանավորվածների մեջ] սպա էլ կա, ինչպես նաև գիրքը պատռած տղան։ Նա ուրիշ զորամասից է եղել»։

«Պաշտպանության նախարարը թող գնա, տեսնի՝ ինչ է կատարվում [բանակում]։ Դա կալանավայր չէ, որ այնտեղ չաստ նայող լինի։ Դրա համար էլ սեպտեմբերից հիմա այսպիսի դեպքեր ունենք․․․։ Եթե մեր ձեռքից տանում են մեր մինուճարներին, որ հայրենիք պաշտպանեն, թող տեր կանգնեն, ոչ թե սպանեն ու տան ծնողին։ <․․․>Ոչ մի հարուստի երեխա չի պաշտպանում, գոնե մեր երեխաներին հետ տվեք մեզ։ Ինչո՞ւ իմ տղան չպետք է ողջ լինի։ Գնացեք, նայեք, բանակում միայն կերակուրի և հագուստի հարցը չի, գնացեք նայեք՝ ինչ է կատարվում։ Ոնց են սպաները զինվորների պատվին կպնում, հայհոյում, զինվորի մորն են հայոյում։ Չգիտեմ՝ ումից պատասխան ուզեմ։ Ուզում եմ, որ կառավարությունը, Փաշինյանը լսի։ Ես իրեն գրել եմ, բայց պատասխան չկա։ Հերիք է զինվորներին սպանեն, տան ծնողներին», – ասել է մայրը։

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս տարի ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել (մահերից 9-ը որակվել է որպես ինքնասպանություն)։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։ Ոչ մարտական մահերի թիվը տարեցտարի աճում է։ Խաղաղ պայմաններում անցած տարի մահվան 64 դեպք է գրանցվել, 2022-ն՝ 50, 21-ին՝ 57։