Առավոտյան Կոտայքի մարզում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել: Վթարի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը։
Պաշտպանության նախարարությունը ցավակցել է նրանց ընտանիքի անդամները, բայց վթարի պատճառների մասին որևէ պարզաբանում չի հրապարակել։
Փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ վթարը առավոտյան ժամը 9։30-ին է եղել՝ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքի մոտ։ ՆԳՆ նախնական տվյալներով՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը։ «Ազատության» տվյալներով, վթարված ինքնաթիռը Յակ-52 է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 539-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մահ:
Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։
Տարեսկզբից Հայաստանի Զինված ուժերում առնվազն 22 զինծառայող է մահացել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի տվյալներով, նրանցից 17-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում։ Պաշտպանության նախարարությունը որպես կանոն ոչ բոլոր դեպքերի մասին է հընթացս հաղորդում։
Մահերից 3-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել Դանիելյան և Արտակ Ավալյան, Սարգիս Խաչատրյան), 5-ը՝ սպանություն (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Կարեն Կարապետյան, Արմեն Գասպարյան և Դավիթ Ներսիսյան), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 5-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 1-ի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի), 2-ը՝ ինքնաթիռի վթար։
Հուլիսի 11-ին ավտովթարից նաև երկու զորացրված զինծառայողներ են զոհվել․ քանի որ նրանք բանակից տուն էին վերադառնում քաղաքացիական տաքսիով, պաշտպանության նախարարությունը սա ծառայության հետ կապ չունեցող դեպք է որակում։
Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Խնդիրներ կան նաև բուժզննության հետ կապված և պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների անսարքության հետ կապված։