Crowdstrike ընկերության արտադրած հակավիրուսային ծրագրի թարմացումը խաթարել է Microsoft համակարգի աշխատանքը ողջ աշխարհում։
American Airlines ավիաընկերությունը, որն օրական ավելի քան 570 հազար ուղևորափոխադրում է իրականացնում, առաջինն է հայտնել Crowdstrike-ի տեխնիկական խնդիրների մասին։ Ավելի ուշ տեղեկությունները հաստատել է Crowdstrike-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրտցը։ Նրա խոսքով, պատճառը հակավիրուսային ծրագրի վերջին տարբերակի և Windows օպերացիոն համակարգի միջև տեխնիկական անհամապատասխանություններն են։ Կուրտցը հավաստիացրել է, որ անախորժ միջադեպը կապ չունի հաքերային հարձակումների հետ, և օգտատերերի տվյալների գաղտնիությունը վտանգված չէ։
Հուլիսի 18-ի առավոտից օդանավակայաններն ամբողջ աշխարհում զանգվածաբար չեղարկել են չվերթներն ու այլ ուղեկցող ծառայությունները։ Ամերիկյան Delta և United խոշոր ավիաընկերություները հայտարարել էն թռիչքների ամբողջական դադարեցման մասին։ Բրիտանական երկաթուղային ընկերությունները ևս նույն խնդրի առաջ են կանգնել։ Sky News հեռուստաընկերությունը ստիպված է եղել ավելի քան մեկ ժամով ընդհատել ուղիղ եթերը։ Խոտաններ են նկատվել նաև Լոնդոնի ֆոնդային բիրժայում։
Ամերիկյան Ալյասկա նահանգում տուժել է 911 փրկարար ծառայության հեռախոսային գիծը, որը պատասխանատու է շտապ բուժօգնության, ոստիկանության և հրշեջ ծառայության համար։
Իտալական և իսպանական օդանավակայաններում գրանցման մեծ հերթեր են եղել. թվային համակարգերը չեն աշխատել, գրանցումն արվել է ձեռքով։
Ստացվող տեղեկություններից կարելի է ենթադրել, որ այս խոտանի հետևանքով ամենատուժած երկրներից է Ավստրալիան, որտեղ ավիաընկերություններից բացի, խաթարվել է նաև խանութների և հեռահաղորդակցական ընկերությունների աշխատանքը։
Microsoft-ը հայտարարել է՝ իրենք անում են հնարավոր ամեն բան մեղմելու համար «ծանր հետևանքները», որոնք երեկ Գրինվիչի ժամանակով 22։00-ից կաթվածահար են արել մի շարք ենթակառուցվածքներ ամբողջ աշխարհում։