Home / Բանակ / Զինվորը կախվել է Ռազմական ոստիկանությունում․ ՔԿ

Զինվորը կախվել է Ռազմական ոստիկանությունում․ ՔԿ

19-ամյա զինծառայողի մահը քննվում է «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ժամկետային Նարեկ Գրիգորյանի մարմինը՝ կախված վիճակում, հայտնաբերել են նոյեմբերի 13-ի առավոտյան 09։20-ին՝ Ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 522-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը»։ Կասկածյալների կամ մեղադրյալների մասին ոչինչ չի հաղորդվել։ Դեպքի հանգամանքները հայտնի չեն։

«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական», – գրել է ՔԿ-ն։

19-ամյա Նարեկ Գրիգորյանը Արարատի մարզի Աբովյան գյուղից էր։ Երեք քույր ուներ, ծնողների միակ որդին էր։ 10 ամսվա զինծառայող․ սկզբում Երևանի ուսումնական զորամասում էր ծառայում, 6 ամիս անց տեղափոխվել էր Տավուշ՝ Բերդի զորամաս։ 

«Ազատությունը» երեկ երեկոյան գրել էր՝ Արտաշատի համայնքապետարանից հաստատել են, որ զինծառայողը մահացել է Բերդի զորամասում։ Առաջինը զինվորի մահվան մասին հաղորդել էր ոստիկանության հետ փոխկապակցված Shamshyan.com-ը, որը՝ հղվելով իր տեղեկություններին, նշել էր, թե զինծառայողը մահացել է «Ժամը 15:00-ի սահմաններում ՊՆ ՌՈ Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում»։ Ժամեր անց կարճ հաղորդագրություն էր տարածել նաև ՊՆ-ն։ Դեպքի վայրն այնտեղ չէր բացահայտվում։

Ի՞նչ է տեղի ունեցել ենթադրյալ ինքնասպանությունից առաջ, ինչո՞ւ է զինվորը տեղափոխվել ՌՈ կարգապահական վաշտ։ Ռազմական գերատեսչությունից այս հարցերին չեն պատասխանում։ 

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս տարի ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել (մահերից 9-ը որակվել է որպես ինքնասպանություն)։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։ Ոչ մարտական մահերի թիվը տարեցտարի աճում է։ Խաղաղ պայմաններում անցած տարի մահվան 64 դեպք է գրանցվել, 2022-ն՝ 50, 21-ին՝ 57։