Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հուլիսի 12-ի դատական նիստին, ի տարբերություն նախորդ վեցի, Epress.am-ից բացի ներկա էր նաև Mediahub-ի նկարահանող խումբը, որը հեռարձակում էր լսումները ուղիղ եթերով։ Ցուցմունք էր տալիս աղետը վերապրած զինվորներից Արսեն Սողոմոնյանը։ Նա ասում էր, թե չի հավատում, որ հրդեհը դիտավորությամբ է եղել, որովհետև զորամասում ջերմ հարաբերություններ են եղել նույնիսկ սպաների հետ։ Սողոմոնյանի ենթադրությունից, որ հրդեհը միտումնավոր լինել չէր կարող, կառչեցին և՛ դատախազը, և՛ զոհերի հարազատների ներկայացուցիչը։
Հրդեհի բռնկման պահին Արսենը կացարանում չէր։ Ըստ ցուցմունքի՝ Վաղինակի հետ, որի ծառայությունը նույնպես ավարտին էր մոտենում, նա գնացել էր լողանալու ջուր բերելու։ Արսենը վարորդ էր, ըստ ցուցմունքի՝ հրդեհից առաջ նա Վաղինակի հետ միասին մեքենայում է եղել։ Ենթադրաբար, հենց նրանց էր նախորդ նիստերին հիշատակում գործով հիմնական մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, երբ պատմում էր, թե ձայներ է լսել մեքենաների մոտ, հարցրել է «ովքե՞ր են» և լսել է «մենք ենք» պատասխանը։ Արսենը հաստատել է՝ իրենք իրոք մեքենայում են եղել, բայց հերքել է, որ որևէ մեկն իրենց ձայն է տվել։ Կապիտամ Հակոբյանը նույն նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ և վերահաստատել իր նախորդ պնդումները։
Նիստին ելույթ է ունեցել նաև կոմունալ շահագործման ծառայության պետ, մեղադրյալ Մառլեն Սարգսյանը։ Սարգսյանի խոսքով, տանկային վաշտի հրամանատար, 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան դեպքերի մասնակից Լևոնը պատմել է իրեն, որ, գտնվելով հրդեհից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, պայթյունի ձայն է լսել։ Ըստ Սարգսյանի, Լևոնն ասել է, թե ձայնն այնքան ուժեղ է եղել, որ իրենք մտածել են, թե թշնամու հերթական հարձակումն է, զենքերով շարվել են և միայն հետո են իմացել, որ հրդեհ է։
Պայթյունին վերաբերող հարցին պատասխանելիս՝ զինվոր Արսեն Սողոմոնյանը նշել է, որ միայն շիֆերի տրաքոցներ է լսել։ Ջուր հավաքելու տեղից երկու րոպեում հասել է կացարան, մեքենայից վերցրել է կրակմարիչը, փորձել է հագցնել հրդեհը։ Դրսում տեսել է այրվածքներով Եղիշե Հակոբյանին, որն ասում էր՝ «էս ինչ արեցի ես», ու զենք էր խնդրում, որ ինքնասպան լինի։ Տեսել է նաև, թե ինչպես են դրսում մնացածները փորձում կոտրել պատուհանները, ծռել ճաղավանդակները, տրակտորով քանդել կացարանի պատը։ Նախորդ նիստերին մոտավորապես նույն բաներն էր ասում նաև հրդեհը վերապրած զինվորներից Ժիրայր Սահակյանը։
Հրդեհում զոհված զինվորների ծնողները և նրանց փաստաբանը հակասություններ էին տեսնում Սողոմոնյանի ցուցմունքի մեջ։ Օրինակ՝ Արսենն ասում է, որ 2 րոպեում հասել է կացարան, ինչպե՞ս էր դա հնարավոր, ասում է, որ դրսում տեսել է Հակոբյանն, բայց Հակոբյանն իր ցուցմունքում նշում է, որ հրդեհի բռնկումից հետո կացարանի ներսում է մնացել մոտ 12 րոպե։ Փաստաբանը հղվում էր Արսենի նախաքննական ցուցմունքներին, որոնցում ժամերն ու ժամանակահատվածները հստակ էին նշված և օգտագործված էր «մետաղյա թիթեղ» բառակապակցությունը, որը չկա զինվորի բառապաշարում։ Արսեն Սողոմոնյանի ասածներից պարզ էր դառնում, որ նա պատմել է, իսկ քննիչները վերաձևակերպել և վերաշարադրել են։ Դա ակնհայտ էր նաև հրդեհում ողջ մնացած մյուս զինվորների ցուցմունքներից․ Ժիրայր Սահակյանի դեպքում, օրինակ, նախաքննական ցուցմունքում հիշատակվում էին բոլոր 15 զոհված զինվորների անուններն, ազգանուններն ու հայրանունները։ Սահակյանը, սակայն, համածառայակիցների հայրանունները չգիտեր և անգիր իմանալ չէր կարող։
Մյուս նիստը տեղի կունենա Սևան քաղաքի դատարանում՝ հուլիսի 31-ին, ժամը 12։00-ին։
Նախորդ նիստերի մասին․
Վարդենիսի զինվորական կացարանում սա առաջին հրդեհը չէր․ դատ
Մի ժամվա մեջ անճանաչելի մարմինները նույնականացրեցին․ 15 զինվորների մահվան գործը
Վարչապետը ուղղորդել է հրդեհի քննությունը․ ծնողների ցուցմունքները դատարանում
Զինվորական կացարանի հրդեհում ողջ մնացած զինվորը նոր ցուցմունք է տվել
«Անընդունելի ա իմ վրա ամեն ինչ բարդելը»․ 15 զինվորների մահվան գործը
Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը