Հրդեհային անվտանգության կազմակերպման մասին Գլխավոր շտաբի պետի հրամանը չի ծանուցվել սպաներին և հետևաբար զինվորներին։ Այս փաստի վրա էին ուշադրությունը հրավիրում փաստաբանները Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հուլիսի 10-ի նիստին, երբ հանրային մեղադրողները կարդում էին դատարան բերված քննության հատորները։ Այս հրամանը, ինչպես շատ այլ փաստաթղթեր, բանակային կյանքում ձևական բնույթ են կրում, հաճախ ձևակերպվում են պոստ ֆակտում։ Բացի այն, որ հրամանից տվյալ դեպքում նաև էջեր են պակասում, այն արձակվել է 2022-ի սեպտեմբերի ադրբեջանական հարձակումից առաջ և վերաբերել է դիրքերին և զորամիավորմանը, որոնք 2023-ի հունվարի 19-ին՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի օրը, արդեն գոյություն չունեին։
Զոհվածների ծնողները վրդովված էին հանրային մեղադրողների «լոլոներից» և պահանջում էին, օրինակ, դատարան բերել գյուղապետարանի և գոմի վրա տեղադրված տեսախցիկներից հրդեհի օրն արված վիդեոները․
— Սա արդեն անգիր գիտենք։
— Գնալով ավելի է խճճվում գործը։
— Վախտին ո՞ւր էիք։
— Պիտի 15 հոգու գլուխն ուտեիք, որ նոր անվտանգությունից խոսեիք։
— Մեղավորը ծնո՞ղն է, որ երեխուն տվել է այս բարդակ բանակին։
Զորամասի կոմունալ ծառայության պետ Մառլեն Սարգսյանի փաստաբանը նշել է նաև, որ հունվարի հրդեհը միակը չէր, և հարց բարձրացրել՝ ինչո՞ւ նախորդ հրդեհից հետո, երբ զոհեր չեն եղել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չեն ձեռնարկվել անվտանգային միջոցառումներ։
Զորամասի կոմունալ ծառայության պետ Մառլեն Սարգսյանի փաստաբանը նշել է նաև, որ հունվարի հրդեհը միակը չէր, և հարց բարձրացրել՝ ինչո՞ւ նախորդ հրդեհից հետո, երբ զոհեր չեն եղել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չեն ձեռնարկվել համապատասխան անվտանգային միջոցառումներ։
Ինչպե՞ս է գյուղական դատարկ տունը՝ լուսամուտներին ճաղավանդակներով դարձել կացարան երկու տասնյակ զինծառայողների համար։ Ո՞ր կարգավորումներով են գյուղական տունը փոխանցել ՊՆ-ին, այնտեղ վերանորոգման և այլ շինարարական աշխատանքներ իրականացվել (գիտենք, որ զինվորների և իրենց ընտանիքների ջանքերով և գումարներով են դրանք արվել)։ Ի՞նչ կլիներ, եթե տան սեփականատերը «ՊՆ-ի ներդրումներից» հետո պահանջեր վերադարձնել իր գույքը։
Այս հարցերը մնացին անպատասխան։
Մյուս նիստը նշանակված է հուլիսի 12-ին, ժամը 12։00-ին Սևան քաղաքի դատարանում։
Նախորդ նիստերի մասին․
Մի ժամվա մեջ անճանաչելի մարմինները նույնականացրեցին․ 15 զինվորների մահվան գործը
Վարչապետը ուղղորդել է հրդեհի քննությունը․ ծնողների ցուցմունքները դատարանում
Զինվորական կացարանի հրդեհում ողջ մնացած զինվորը նոր ցուցմունք է տվել
«Անընդունելի ա իմ վրա ամեն ինչ բարդելը»․ 15 զինվորների մահվան գործը
Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը