Այսուհետ բանակ են տանելու նաև հորմոնային խնդիրներ ունեցող կամ լեղապարկ չունեցող տղաներին։ Կառավարության հերթական որոշմամբ էլ ավելի է խստացվել առողջական պատճառներով տարկետման կամ պարտադիր զինծառայությունից ազատման կարգը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է՝ որոշել են վերանայել պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը․ «Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարեկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչվելու են զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի»։
Հիմնավորման համաձայն, որոշումը կօգնի նվազեցնել «բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները» և հստակեցնել «հակացուցված ծառայության պայմանները՝ ըստ հիվանդության արտահայտման աստիճանի»։
«Լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ 1 տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել, սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առղջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարել, և իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա», – ասել է Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ կվերանա զինվորական ծառայությունից խուսափելու «ևս մի սողանցք»։ Օրինակ՝ զինծառայողների հեռացված լեղապարկն այսուհետ պատճառ չի լինի ծառայությունն ընդհատելու համար։
Նախորդ անգամ կառավարությունը զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկը կրճատել է ապրիլին․ այն ժամանակ էլ որոշել էին, որ «առանց կլինիկական դրսևորումների» կիստա ունեցող կամ գիշերամիզությունից տառապող մարդկանց են տանելու բանակ։
տե՛ս Կիստայով էլ կծառայեք, որոշել է Հայաստանի կառավարությունը
Իրավապաշտպանները դատապարտել էին փոփոխությունը՝ ուշադրություն հրավիրելով հնարավոր հետևանքների վրա, որ կարող են ծագել բանակային կյանքի ընթացքում։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները որոշումը համարել էին խտրական։
տե՛ս Կառավարությունը մեծացնում է բանակային բուլինգի, սեռական և ֆիզիկական բռնության ռիսկը
Այսօր ընդունած նոր կարգավորումն ավելի հեռուն է գնացել։
«Ստացվում է, որ միևնույն խնդիրը հաջորդ զորակոչի ժամանակ պետք է լինի այնքան խորացված ու վատթարացված, որ հնարավոր լինի կրկին տարկետում ստանալ։
Այստեղ, նախևառաջ, հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ զորակոչվելուց հետո առողջական խնդիրը կարող է սրվել և հասնել այն աստիճանի, որը արդեն վտանգավոր լինի կյանքի և առողջության համար», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանը։
Պաշտպանության նախարարը բողոքում է, թե նորակոչիկները տարկետման ժամանակահատվածում չեն բուժվում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց բուժելու համար։
«Գործող կարգը այսպիսին էր՝ միևնույն հիվանդության հիմքով հնարավոր էր մեկամյա տարկետման դիմել 3 անգամ, եթե հիվանդությունը չէր անցնում՝ 4-րդ անգամ ոչ թե տարկետում էին տալիս, այլ ճանաչում էին ոչ պիտանի։ Հիմա միտումն այնպիսին է, որ սահմանված հիվանդությունների դեպքում ընդամենը մեկ անգամ կարող է տարկետում տրամադրվել։ Հետո հետևելու են դինամիկային, եթե վատթարացում չլինի՝ նորակոչիկը, որը համարվել է ժամանակավոր ոչ պիտանի, նույն հանգամանքներում համարվելու է սահմանափակումներով պիտանի։
Գիտեք՝ շատ դեպքերում մեկամյա տարկետումը կոչվում էր բուժման նպատակով տարկետում։ Բայց բուժում որպես այդպիսին չէր իրականացվում։ Հիմա էլ նման բուժում չի տրամադրվելու։ Ուղղակի առանց առողջական վիճակի որևէ փոփոխության, բոլորովին նույն ախտորոշմամբ մարդուն երկրորդ անգամից պիտանի են ճանաչելու և տանելու են ծառայության», – ասել է Մովսեսյանը։
Կրճատման տակ ընկած հիվանդությունների ցանկում է, օրինակ, մոնոնուկլեոզը, գինեկոմաստիան, սրտանոթային համակարգի հիվանդությունները, որոնք ստացիոնար բուժում չեն պահանջում և ժամանակավոր բնույթ են կրում։ Տրամաբանությունն այնպիսին է, որ ոչ պիտանի են ճանաչվելու միայն սուր փուլում գտնվող, արտահայտված ախտանիշներ ունեցողները։ Մյուսներին մեկ տարի ժամանակ կտրվի և եթե ընթացքում նրանց վիճակը չվատթարանա՝ կգնան բանակ։
ամբողջ ազգը հիվանդ է
Իրավապաշտպան կազմակերպությունները Զինված ուժերում միջադեպերի տարեց տարի աճող վիճակագրությունն են մատնացույց անում։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական աղբյուրներն ու ԶԼՄ-ները հաղորդել են խաղաղ պայմաններում մահվան առնվազն 64 դեպքի մասին՝ ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ, առողջական խնդիրներ։ 2024-ի տարեսկզբից ոչ մարտական պայմաններում մահվան արդեն 35 դեպք է արձանագրվել։
տե՛ս Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ
Այս վիճակագրությանը զուգահեռ պաշտպանության նախարարությունը փորձում է ավելի ու ավելի շատ մարդու բանակ տանել՝ պարտադիր զորակոչի և վարժական հավաքների միջոցով։
տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել
Այս տարի արդեն առնվազն մեկ մահվան դեպք է արձանագրվել զորակոչի ընթացքում․ ծանր հիվանդություններ ունեցող զորակոչիկին հրաժարվել են տարկետում տալ և տարել են մաշեցնող բուժստուգումների։ Հարազատների խոսքով՝ տղայի սիրտը չի դիմացել, մահացել է կաթվածից։
Եվս մեկ զինծառայող էլ շարքում կանգնած է հանկարծամահ եղել․ նրա համագյուղացիների տվյալներով, տղան տրոմբ ուներ, բանակ տանելուց առաջ նրան ոչ ոք նորմալ չի բուժզննել։
Իշխանությունները նորանոր խստացումները պատճառաբանում են թվերով։ Մարդկաքանակ են ապահովում նաև հիվանդաների հաշվին։
«2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել է 24 հազար», – ամիսներ առաջ հայտարարում էր պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Զորակոչի ենթակա տղամարդկանց կեսից ավելին, ըստ նրա, չեն ծառայում բանակում․ «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել ընդամենը 143 քաղաքացի»:
Փաշինյանն էլ գանգատվում էր՝ այս թվերին նայես, տպավորություն կստեղծվի, թե ամբողջ ազգը հիվանդ է։ Խոսվում էր բուժզննություն իրականացնողների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին։ Պարբերաբար կետային հաղորդումներ են լինում զինկոմների դեմ քրեական հետապնդումների մասին՝ տասնյակ հազարավոր դոլարների կաշառք վերցնելու հիմքով։