Home / Հայաստան / Եվրաինտեգրման համար ցույցերը Վրաստանում ցրվում են բիրտ ուժով

Եվրաինտեգրման համար ցույցերը Վրաստանում ցրվում են բիրտ ուժով

Ցույցերը վերսկսվել են Թբիլիսիում այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոկախիձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանը կսառեցնի Եվրամիությանը միանալու պրոցեսը մինչև 2028-ի վերջ և կհրաժարվի եվրոպական դրամաշնորհներից։

Ուրբաթ երեկոյան հազարավոր ցուցարարները շրջապատել են Խորհրդարանի շենքը։ Ոստիկանությունը կոչ է արել բացել Ռուստավելի  պողոտայի երթևեկությունը, այնուհետև ուժով է ցրել ցույցը՝ կիրառելով ջրցան մեքենաներ,  ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ: Բախումներից տուժել են տասնյակ մարդիկ։ Շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 33 վիրավորի, այդ թվում 16 ոստիկանների, 4 լրագրողների, 13 ցուցարարի։

Ըստ OC MEDIA լրատվական պլատֆորմի՝ ոստիկանները հայհոյել են ցուցարարներին, թիրախավորել այն լրագրողներին, ովքեր նկարահանում էին ոստիկանական բռնությունները։

Ցուցարարները վրաններ են դրել երթևեկելի մասում, բարիկադներ սարքել նստարաններով և աղբամաններով։ Այսօր դեպի ոստիկաններ ցուցարարները ևս «զենքեր» են կիրառում. ուսարձայներ, հրավառության խաղալիքներ։

Ցույցեր են նաև Բաթումիում, Զուգդիդիում, Փոթիում և այլ  վրացական քաղաքներում:

Ցուցարարներին ողջունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Ակնհայտ է՝ ոչ ոք չի ուզում հաշտվել ռուսաստանացված Վրաստան, Սահմանադրությունից զրկված Վրաստան ունենալու մտքի հետ»,- հայտարարել է նա հեռուստատեսային  ուղերձով։

Վրաստանի ՆԳՆ հաղորդմամբ՝ գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ։