Բողոքներից հետո Ազգային ժողովը խոստացել է գնալ զիջումների և հարկային արտոնություններից զրկել միայն հաշվապահներին, ֆինանսիստներին և իրավաբաններին։ ԱՁ-ով աշխատող ճարտարապետները, դիզայներները, անշարժ գույք գնահատողները դեռ կարող են մնալ պարզեցված/ արտոնյալ հարկային դաշտում՝ վճարելով հինգ տոկոս շրջանառության հարկ։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում կա 101 000 հարկ վճարող, որոնցից 80 տոկոսը արտոնությունից օտվել է որպես անհատ ձեռներեց(ԱՁ)։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ընդունել է, որ վերը նշված ոլորտներում հարկերի բարձրացումը կթանկացնի ծառայությունների գները ժողովրդի համար, քանի որ այդ մասնագետները հիմնականում ծառայություններ են մատուցում անհատներին․ «Ֆինանսների նախարարության նպատակը բիզնեսին հարկերից խուսափելու հնարավորություններից զրկելն է, այլ ոչ թե թանկացումներն ազգաբնակչության համար»։
Երբ ծառայությունը մատուցվի բիզնեսին, գնորդ կողմն իրավունք չի ունենա ծախսագրել ԱՁ-ների ծառայությունները և այդպիսով խուսափել ընդհանուր հարկման դաշտից։
«Կազմակերպությունն իր հաշվապահին ազատում է աշխատանքից, ասում է՝ վաղվանից նույն կերպ կգաս աշխատանքի, բայց ԱՁ-ով հաշիվ դուրս կգրես։ Մյուս կազմակերպությունն իրեն թույլ չի տալիս նման բան անել և 4 անգամ ավելի բարձր բեռ է կրում, աշխատավարձ է վճարում։ Իմ կարծիքով, սրանով մենք քայլ ենք անում այդ անհավասարությունը վերացնելու համար», – ասել է Արման Պողոսյանը։
Այս զիջումը չի շտկում բարեփոխման ամենամեծ անարդարությունը. պարզեցված հարկի իրական շահառուները՝ մարզային փոքր բիզնեսները, կտուժեն, գուցե նաև սնանկանան։ Փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը կլոր սեղան քննարկման ժամանակ վրդովմունք է հայտնել, որ ՓՄՁ-ների համար պատասխանատու ոչ մի գերատեսչություն չի մասնակցել պարզեցված հարկը հանելու Ֆիննախի օրինագծի գրմանը։
«Ես ֆիննախի հետ խնդիր չունեմ։ Հաշվարկել են, որ 13 միլիարդ եկամուտ են բերելու բյուջե։ Բայց ի՞նչ է լինելու տնտեսության հետ երկարաժամկետում։ էկոնոմիկայի նախարարությո՛ւն, դու ազդեցության գնահատում արե՞լ ես։ Նայում ես ամփոփաթերթը՝ «դիտողություն չունենք»։ Տարածքային նախարարությո՛ւն, հարց չո՞ւնես, կարող է հինգ հատ հյուրատուն փակվի Վարդենիսում։ Սոցա՛պ, հարց չունե՞ս, չգիտես ոնց գործազրկություն ես ուզում նվազեցնել։ Փոքր բիզնեսն է փակվելու, ո՞նց դու հարց չունես», – ասել է նա։ Ավագյանը հիշեցրել է, որ փորք բիզնեսը միշտ ունեցել է հատուկ վերաբերմունք և չի կարող չունենալ։ Առաջ, օրինակ, հարկերի գոտիականացում կար. արտոնագրային վճարի չափը, որը վճարում էին վարսավիրանոցները, ավտոտեխսպասարկման, սննդի և ժամանացի բիզնեսները, կախված էր մարզից ու գոտիից։
«Մենք մարզեր ունենք, որտեղ Երևանից կատաստրոֆիկ տարբեր նիստ ու կաց ունեն բիզնեսի մասով։ Ոլորտներ ունենք, որոնց մատակարար–գնորդ լոգիստիկ շղթան բոլորովին ուրիշ է»,- ասել է Ավագյանը՝ քննադատելով, որ Էկոնոմիկայի նախարարությունից չեն ընդունել անգամ կլոր սեղանին գալու 15 հասարակական կազմակերպությունների առաջարկը։
Բողոքողները խոշոր բիզնեսմեններն են
Օրինագիծը հանրային քննարկման էր անվել ԱԺ-ում, այն քննադատելու էին եկել ոչ թե փոքր մարզային ձեռներեցներն, այլ «բիզնեսմեն հասարակական գործիչները»։ Սրա մասին գրել է հաշվապահ Արամ Աշուղյանը՝ քննարկումն անվանելով «շոու»։
«Ասում է. «Ընդհանրապես ընդունված տրամաբանություն է, որ բիզնեսի հարկը առնվազն հավասար կամ ցածր լինի վարձու աշխատողի հարկից, քանի որ բիզնեսն ավելի ռիսկային է»։ Չկա նման տրամաբանություն, այն էլ ընդունված: Եթե կա, ասեք դա ու՞մ կողմից, ե՞րբ ու որտե՞ղ է ընդունված: Տրամաբանությունը հենց հակառակի մեջ է. որտեղ ռիսկը մեծ, այնտեղ եկամուտը մեծ: Աշխատավարձը կայուն է, այն կախված չէ բիզնեսի շահութաբերությունից, այն պաշտպանված է Աշխատանքային օրենսգրքով, այն երաշխավորված է բարոյական արժեհամակարգով (աշխատավարձ ուշացնողն ու չվճարողը սրիկա է), նրա ուշացման համար սահմանված են տույժեր հենց այդ աշխատավարձը վճարող «հարազատ» գործատուի համար։ Երկրորդ՝ եթե բիզնեսն ունի շահույթ, վճարում է շահութահարկ: Եթե չունի շահույթ և աշխատում է վնասով, ապա չի վճարում շահութահարկ և այդ վնասը տեղափոխվում է ապագա 5 տարիներ: Շահութահարկ, ԱԱՀ, շահաբաժնի հարկ կոչվող բիզնեսի հարկերը տոկոսով են, այն վճարում ես, եթե ունես հարկային շահույթ, արժեքի ավելացում, ֆինանսական շահույթ: Բիզնեսի համար այս արդար մոտեցումը դառնում է անտրամաբանական այսօրվա Շրջհարկի պարագայում. Շրջհարկ վճարողը անկախ նրանից շահույթ ունի թե ոչ, վճարում է շահութահարկին ու ԱԱՀ-ին փոխարինող հարկ: Այ, սա, իրոք, անտրամաբանական է», – գրել է Աշուղյանը։
Ինչու հենց հաշվապահներն ու իրավաբանները
Հաշվապահները, տիրապետելով հարկային օրենսգրքի նյուանսներին և լինելով ժլատ, ավելի շատ են հարկերը «ագրեսիվ պլանավորում»։ Սա ընդունում են անգամ իրենք՝ հաշվապահները։ 2026 թվականից, երբ եկամուտների հայտարարագիր ներկայացնելը պարտադիր լինի բոլորի համար, հաշվապահների հետ շփվելու են բոլորը։ Դրա համար նրանք պետք է «լավ օրինակ» ծառայեն և չսովորեցնեն հարկերից խուսափելու ձևեր։
Ինչո՞ւ իրավաբանները։ 2025 թվականի հունվարից փաստաբանական ծառայությունները դուրս են գալիս պարզ հարկի դաշտից։ Նրանց մի մասը մասնագիտության նմանաության շնորհիվ կարող են գրանցվել որպես «իրավաբան»։ Սա թույլ չտալու համար իրավաբաններին շրջանառության հարկի դաշտուն հնարավոր չի թողնել։