Home / Հայաստան / ԱՁ-ները ծառայեցվել են խոշոր բիզնեսին

ԱՁ-ները ծառայեցվել են խոշոր բիզնեսին

Հայաստանի ֆինանսների նոր նախարար Վահե Հովհաննիսյանը հանդգնել է վերացնել ԱՁ գրանցելու միջոցով հարկերից խուսափելու տարածված պրակտիկան՝ «հանուն հարկման հավասարության և արդարության»։ Ինչի՞ ուսուցիչներն ու բժիշկները պետք է վճարեն 20 տոկոս հարկ, իսկ որոշ մասնագիտական ոլորտներում աշխատողները՝ 5 կամ 0 տոկոս, ասել է Հովհաննիսյանը Կառավարության նոյեմբերի 7-ի նիստին։ 

Եթե այժմ որոշ մասնագիտական ուղղություններում հարկային օրենսգիրքը թույլ է տալիս գրանցել ԱՁ կամ միկրոձեռնարկություն և օգտվել հատուկ հարկման համակարգից՝ վճարելով ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ կամ 0 տոկոս ձեռնարկատիրական հարկ, ապա քիչ-քիչ բոլոր մինչ այժմ արտոնյալ մասնագիտությունները պիտի հարկվեն ընդհանուր չափանիշներով և վճարեն ԱԱՀ և շահութահարկ։

Հունվարի 1-ից հատուկ հարկման սխեմայից առաջինը կզրկվեն փաստաբաններն ու նոտարները։ Երկրորդ փաթեթը կգործի հուլիսից, և հատուկ հարկումից կզրկվեն հաշվապահները, իրավաբանները, կառավարման հարցերով խորհրդատուները, ճարտարապետները, շուկայի հետազոտողները, տեխնիկական փորձարկումներ անողները, փոքր կլինիկա ունեցող ատամնաբույժները և այլն։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ-ում հանրային քննարկման ժամանակ ներկայացրել է թվեր, ցույց տալու համար, որ մեծ ընկերությունները և ծառայություն մատուցող անհատները պայմանավորվում են և ԱՁ-ների միջոցով քիչ հարկ վճարում։ Ըստ նրա՝ 2024 թվականին միայն 22500 հոգի՝ շրջհարկից օգտվողների կեսը, խուսափել են հարկերից։

«2023 թվականին ավելի քան 200 միլիարդ դրամի հաշվարկային փաստաթղթեր են դուրս գրվել շրջանառության համակարգից դեպի ընդհանուր համակարգ։ Այսինքն վճարվել է լավագույն դեպքում՝ 5, իսկ վատագույն դեպքում 3.5 տոկոս, որովհետև այդ դրույքաչափն էլ ունենք։ Այսինքն դիմացի կողմը՝ ընդհանուր համակարգով հարկ վճարող ընկերությունը, հարկման բազան նվազեցրել է 18 տոկոսով, շահաբաժնի բազան՝ 5-ով։ Այսինքն 2023 թվականին միայն այս գործոնի հաշվին 26 միլիարդ դրամ շահութահարկ ենք կորցրել։ Այս տարի այս թիվը ավելի տպավորիչ է. շրջհարկի կորուստը շուրջ 280 միլիարդ դրամ է։ Որ պատկերացնեք՝ ինչ խնդրի հետ գործ ունենք», – ասել է Պողոսյանը։

Մեծ ընկերությունը նաև ԱՁ-ների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով խուսափում են աշխատակիցներ գրանցելուց և աշխատանքային պայմանագրեր կնքելուց։ Այսպես փաստացի աշխատողները զրկվում են արձակուրդայինից, առողջական ապահովագրությունից և այլ օրենքով նախատեսված իրավունքներից։

Տնտեսագետները ողջունում են, որ ֆինանսների նախարարը ոչ թե հաշվապահի պես է իրեն պահում, այլ փորձում է դառնալ երկրի ֆինանսական տնօրեն։ Epress.am-ը դիմել է տասնյակ հայտնի և անհայտ տնտեսագետների, որոնք հրաժարվել են խոսել այս թեմայով։ Տնտեսագետները խուսափում են խոսել թեմայով, քանի որ հարկային փոփոխության ընդդիմությունը ևս մեծ է և դեռ հայտնի չէ՝ որ կողմը կհաղթի։ Հայտնի փորձագետները   չեն ուզում կարծիք հայտնել մեդիայում մինչև տեսնեն՝ որ կողմն է հաղթում։
Մի տնտեսագետ կարծիք հայտնեց՝ խնդրելով մնալ անանուն․ 

«Արտոնյալ հարկման դաշտը պետք է լրիվ վերացնել: ԱՁ-ներին չպետք է թույլ տալ, որ մանրագույն բիզնեսից ավել աճեն, դա թարգմանիչներին, արտելիեներին ու փինաչիներին միայն պետք է թողնեն: Ես կողմ եմ այս փոփոխություններին»։ 

Շրջանառության հարկից օգտվելու արտոնության վերացումը չի կարող չվնասել որոշ փոքր բիզնեսմեններին։ Տնտեսագետները հիշեցնում են՝ այդ արտոնությունը «օդից չի ընկել» և դրա նպատակը փոքր բիզնեսին աջակցելն էր։ 

«Գերփոքր բիզնեսը, այո՛, պիտի ավելի քիչ հարկ վճարի, քան զարգացած բիզնեսը», – ԱԺ-ում ասել է Փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։ Նա հատկապես անհանգստանում է 50,000 մարզային փոքր ձեռնարկատերերի համար։ 

ամենամեծ անարդարությունը կմնա անփոփոխ

Նախարար Հովհաննիսյանը փորձում է աստիճանաբար վերացնել ևս մեկ անարդար օրենք, որով պետությունը հիփոթեքային վարկով բնակարան գնողներին վերադարձնում է եկամտահարկը։ Այդ օրենքով տուն ստանալ կարողացել են միայն բարձր աշխատավարձ ստացողները՝ օրինակ ծրագրավորողները, և գերշահույթներ են ստացել կառուցապատող ընկերությունները։ 

Ամենամեծ հարկային անարդարությունից, սակայն, Վահե Հովհաննիսյանը չի հրաժարվում։ 2019 թվականին պրոգրեսիվ հարկման համակարգը փոխարինվեց համահարթով և դրանով բոլորը՝ և շատ և քիչ եկամուտ ստացողները, սկսեցին վճարել նույն 20 տոկոս եկամտահարկը։ Օրենքն ընդունվել էր իբր ներդրումներ ներգրավելու համար։ Մինչ այժմ Ֆիննախը չի ներկայացնում որևէ ցուցանիշ՝ ինչ ներդումներ են եկել Հայաստան հարուստների հարկը քչացնելու շնորհիվ։ 

«Ամենաարդար համակարգը պրոգրեսիվ հարկման համակարգն է։ Սա տնտեսագիտության ոսկե կանոն է։ Այդ համակարգը վերացնելուց հետո եկել արդար հարկման համակարգից եք խոսո՞ւմ։ Այս նախաձեռնությունների տնտեսական էֆֆեկտը գնահատված չի, նախկին փոփոխություններն էլ չեն գտնահատվել։ Հետևանքը լինելու է այն, որ անելանելի վիճակում է դնելու բիզնեսին, ինքնազբաղվածներին, հանրային ծառայություն մատուցող սուբյեկտներին (փաստաբաններ-խմբ․) մղելու է նրանց դադարեցնել գործունեությունը», – Խորհրդարանում ասել է ՀՅԴ կուսակցական, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։

Փաստաբանների, մարզային ատամնաբուժարանների, անասնապահների և այլ փոքր ձեռնարկատերերի հարկերը բարձրացնելով՝ նույն Ֆինանսների նախարարությունը չի բացատրում՝ որքանով է արդար բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատողներին անընդահատ հարկերից ազատելը։ Առաջիկա 7 տարիների ընթացքում նոր աշխատակից ներգրավելիս փոքր IT ընկերություններին կտրվի եկամտահարկի 100% փոխհատուցում, 30-ից ավել աշխատակից ունեցողներին՝ 50% փոխհատուցում։ IT-ն շարունակվում է ներկայացվել որպես հայկական տնտեսության միակ հույսը, երեխան, որին պիտի «պահեն» մյուս բոլոր ոլորտները, և չի ներկայացվում՝ ինչ են Հայաստանին տվել միլիոններ աշխատող ծրագրավորղները, բացի ռեստորաններ և կաֆեներ հաճախելուց։