Կառավարությունն նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել։ Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ գրանցված աշխատողներից մինչև տնային տնտեսուհիներ, պարտավոր են հայտարարագրել, թե որտեղից և որքան եկամուտ են ստանում։ Ենթադրվում է, որ համակարգի ներդրումից հետո հարկվելու են ոչ միայն աշխատավարձները, այլև եկամուտի այլ տարրերը։ Կներդրվի նաև «սոցիալական կրեդիտների» անորոշ համակարգ։
Ինքնաշխատ համակարգ, հարկային վերահսկողություն
Ըստ նախագծի՝ հայտարարագրերում ինքնաշխատ եղանակով լրացվելու են հարկային մարմնի տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը, օրինակ՝ հարկայինի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տվյալները:
Դրանք էլեկտրոնային եղանակով տրամադրվելու են հայտարարատուին, որը նույնականացված տվյալներով կարող է մուտք գործել հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, ստուգել տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություններ և լրացումներ կատարել։ Հայտարարագրի վերջնական տարբերակը պետք է հաստատվի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը։
Բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեցող Հայաստանի քաղաքացիների բանկային տվյալները (բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները) կարող են տրամադրվել հարկային մարմնին (գաղտնազերծվել)՝ հարկային մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով։
Սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրեր չներկայացնելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարը ենթակա է վերադարձման պետական բյուջե:
Սոցիալական կրեդիտների անորոշ համակարգ
Համակարգի ներդրմանը զուգահեռ կներդրվի սոցիալական կրեդիտների համակարգ։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սա խթանող միջոցառում է անվանում՝ պարզաբանելով՝ հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն կունենան իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված, հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված, առողջապահության, կրթության և բնակարանային ապահավությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշ գումարներ։
Թե կոնկրետ ինչ սոցիալական ծախսերի մասին է խոսքը՝ պարզ չէ։ Դրանց «տեսակների առանձին ուղղությունները», ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը կսահմանվեն կառավարության որոշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում։
Եռափուլ ներդրում
Ծրագիրը իրականացվելու է եռափուլ ժամանակահատվածով։
2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն — պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները,
— նոտարները,
— 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները,
— 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիները,
— 2023-ին եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձինք,
— 2023 -ին Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտ ստացած քաղաքացիները։
2024-ից հայտարարագիր պետք է ներկայացնեն
— վարձու աշխատողները,
— քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածները,
— պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
— Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք։
2025-ին և հաջորդող տարիներին հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի բոլոր քաղաքացիները:
Արդյո՞ք խոսքը միայն չափահաս քաղաքացիների մասին է՝ կառավարության այսօրվա նիստին հարցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանել է՝ դեռ պետք է քննարկեն և հստակեցնեն։
«Պրոգրեսիվություն», հավելյալ վարչարարություն, կրկնակի հարկման վտանգ
Երբ Հայաստանում ներդնում էին համահարթ եկամտային հարկի համակարգ, իշխանությունները խոստանում էին, որ հարկերի համահարթեցման սոցիալական անարդարությունը կկոմպենսացնեն պրոգրեսիվ գույքահարկի ու համատարած հայտարարագրման մեխանիզմների շնորհիվ (ավելի շատ եկամուտ ստացողներին ավելի շատ կհարկեն)։
Համատարած հայտարարագրման համակարգը սովորաբար նպատակ ունի ավելացնել քաղաքացիներից հավաքվող հարկերը/ ստեղծել եկամտի պրոգրեսիվ հարկում/ կրճատել ստվերային տնտեսության ծավալները/ գնահատել բնակչության սոցիալական վիճակը, ստեղծել տվյալների համապարփակ բազա և այլն։ Թե այս նպատակներից որ մեկն է Կառավարության համար հատկապես առաջնային լինելու՝ պարզ չէ։
Մեծ խնդիր է նաև ֆինանսական գրագիտությունն ու աղքատության բարձր մակարդակը (Հայաստանում՝ շուրջ 24%) և համակարգի կիարկման հետ կապված հսկայական անորոշությունը։
Պարզ չէ՝ ինչ է լինելու արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների հետ։ Արդյոք դրանք հարկվելո՞ւ են և ինչպե՞ս է բացառվելու կրկնակի հարկման վտանգը։ Նախագծի քննարկման փուլում տնտեսագետները ահազանգում էին՝ տրանսֆերտները պետք է չհարկվեն առնվազն այն պատճառով, որ այդ գումարներն, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ հարկվել են այն երկրում, որտեղ դրանք վաստակվել են։
Հստակ չէ նաև, թե ինչ առավելություններ կստանան քաղաքացիները՝ հավելյալ վարչարարության այս պարտադրանքի դիմաց։
Ավելի վաղ խոսվում էր, որ եկամուտների պարտադիր հայտարարագրմանը զուգահեռ պետք է ներդրվի նաև ծախսերի հայտարարագրման համակարգ։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հավաստիացնում էր՝ այժմ քննարկվող նախագիծը հենց այդպիսին է։
Ըստ նրա, գործելու է այսպես կոչված սոցիալական կրեդիտների համակարգ։ Դա նշանակում է, որ կլինեն ուղղություններ (օրինակ՝ ուսման վարձ, առողջության ապահովագրություն և այլն), որոնց վրա կատարված ծախսերը կհանվեն հարկման բազայից։ Այսինքն, եկամտային հարկը վճարելուց հետ քաղաքացին կլրացնի հայտարարագիրը, ցույց կտա այս ծախսերը և հետ կստանա իր վճարած հարկ համապատասխան մասը (մոտավորապես այն տրամաբանությամբ, որով պետությունը հետ է վերադարձնում հիփոթեքով նորակառույց բնակարան գնողների եկամտահարկը)։
Անհետաձգելի
Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել նախագծին։ Այն ուղարկվել է Ազգային ժողով՝ անհետաձգելի կարգով քննարկելու համար։