Home / Առողջապահություն / Ատամնաբուժությունը կթանկանա մարզերում

Ատամնաբուժությունը կթանկանա մարզերում

1300 բժշկական հիմնարկների, հիմնականում ստոմատոլոգիական կլինիկաների հարկերը 2025-ից հետո բարձրանալու են։ Այս պահին փոքր կլինիկաները, որոնք ունեն մինչև 117 միլիոն դրամի շրջանառություն, վճարում են շրջհարկ (5%), երկու ամիսից՝ վճարելու են նաև ավելացված արժեքի հարկ։ Փոփոխությունը ընդունել է Կառավարությունը և ուղարկել Ազգային ժողով։

«Օրենքն ազդելու է փոքր և, ինչն ավելի կարևոր է, Երևանից դուրս գտնվող կլինիկաների վրա, որոնք փոքր են, որոնք քիչ պացիենտներ ունեն, ու որտեղ վճարողականությունը կտրուկ ցածր է Երևանից», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ատամնաբույժ Հայկ Ա.-ն, ով կլինիկա ունի Արտաշատում։

Հարկային բեռն, ի վերջո, մնալու է պացիենտների վրա։ Ըստ կանխատեսումների՝ ատամնաբուժական ծառայությունները կթանկանան 15 տոկոսով։

«Կա մշտական կասկած, որ ատամնաբույժերը թաքցնում են իրենց եկամուտները, և այս ամենն արվում է հանուն ստվերի վերացման։ Բայց չի կարելի բոլորին նույն կերպ հարկել։ Օրինակ, տարիներ առաջ մտցրեցին «կրեսլոյի» վարձ՝ արտոնագրային վճար։ Ստոմատոլոգիական համայնքը պրոտեստներ արեց։ Բայց ես դեմ չէի դրան, քանի որ արտոնագիրը գոտիացված էր։ Երևանի կենտնորնում՝ 80 հազար էր, մարզերում` 60, սահմանային գյուղերում՝ լրիվ կոպեկներ։ Իսկ հիմա բոլորին՝ մեծ ու փոքր, նույն կերպ են նայում», – ասում է ատամնաբույժը։

Եթե փոքր կլինիկաները մտնեն ԱԱՀ դաշտ, երեք խնդիր է առաջանալու. առնվազն երկու անգամ շատանալու են ծախսերը, կլինիկան ստիպված է լինելու վարձել հաշվապահ, և երրորդ՝ չի կարողանալու վարձով տարածք և սարքավորումներ տալ անհատ բժիշկներին։