Home / Հայաստան / Ոստիկանությունը դեռևս չի ուզում այդչափ հետևել հայաստանցիներին

Ոստիկանությունը դեռևս չի ուզում այդչափ հետևել հայաստանցիներին

Հանրային վայրերի տեսախցիկներին ոստիկանությանը հասանելիություն ապահովող վիճահարույց նախագիծը սառեցվել է, ներկայումս դիտարկվում է փուլային լուծում՝ սահմանափակ հասանելիությամբ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳ նախարարությունը դեռ հունիսի սկզբին խորհրդարան էր բերել oրենքի նախագիծ, որը 50 քմ-ից մեծ սննդի կետերին, խանութներին, սրճարաններին, հյուրանոցներին և մի շարք այլ տնտեսվարողների պարտադրում էր իրենց պատկանող շինությունների վրա տեսախցիկներ տեղադրել՝ բոլոր կողմերից։ Նախատեսվում էր տեսախցիկներ տեղադրել նաև հանրային տրանսպորտում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում և շտապօգնության մեքենաներում։ Տեսահսկումը, ըստ ՆԳՆ-ի, համակարգվելու էր ոստիկանության կողմից։

Human Rights Watch-ը հայտարարել էր, որ օրինագիծը հիմնավորված չէ և խոչընդոտում է անձնական կյանքի և այլ իրավունքներին։ Իսկ թվային անվտանգության մասնագետները ահազանգում էին՝ չկան հստակ  իրավական երաշխիքներ, որ ստացված տվյալները չեն չարաշահվի կամ չեն օգտագործվի անօրինական նպատակներով։

«Դրանք կհավաքագրեն անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ դեմքերը, տեղաշարժի ուղիները, կոնկրետ մարդկանց միջև կապերը և այլն», – ավելի վաղ գրել էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Թեև օրենքի նախագիծը սառեցվել է, ՆԳ նախարարությունն, այնուամենայնիվ, քննարկում է «հանրային անվտանգության խնդրի» փուլային լուծման տարբերակը․

«Նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին Ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը»։

Թե պետական և ՏԻՄ տեսահսկման որ համակարգերի մասին է խոսքը, ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում մանրամասներ չներկայացրեց։

Նշենք, որ 2024 թ․ սեպտեմբերի 5-ի դրությամբ Երևանի 153 խաչմերուկներում տեղադրված են շարժական և անշարժ տեսախցիկներ։ Այս տեսահսկման սարքերը տնօրինում է ճանապարհային ոստիկանությունը։ Բացի այդ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող բոլոր ավտոբուսները, բացառությամբ մանուշակագույն ավտոբուսների, համալրված են տեսախցիկներով։