Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է տեսախցիկներ տեղադրել ամենուր՝ սրճարաններում, խանութներում, ավտոբուսներում, շտապօգնության մեքենաներում և այլն։ Տեսահսկումը համակարգվելու է ոստիկանության կողմից։
Մի շարք կազմակերպությունների և տնտեսվարողների պարտադրելու են իրենց պատկանող շինությունների վրա տեսախցիկներ տեղադրել՝ բոլոր կողմերից։
Նախագիծը հունիսի 7-ին Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովում ներկայացրել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը:
Ըստ նախագծի՝ վերահսկողությունն իրականացնելու է Էլեկտրոնային հսկողության սարքավորումների կառավարման հատուկ ստորաբաժանումը, որը շուրջօրյա տվյալներ կստանա երկրով մեկ տեղադրված տեսախցիկներից։
Ավտոբուսների, միկրոավտոբուսների և շտապօգնության մեքենաների ներսում տեսահսկում սահմանելուց բացի՝ նախատեսվում է նաև խցիկներ տեղադրել ստորգետնյա ավտոկայանատեղիներում։ Ըստ ՆԳՆ-ի՝ դա հնարավորություն կտա «նախականխող ընթացքներ իրականացնել»։
Ըստ մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանի՝ տեսահսկման համակարգերը կհավաքագրեն անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ դեմքերը, տեղաշարժի ուղիները, կոնկրետ մարդկանց միջև կապերը և այլն։
Նրա կարծիքով, հստակ իրավական երաշխիքներ են պետք, որպեսզի այդ տվյալները չչարաշահվեն կամ չօգտագործվեն անօրինական նպատակներով։ Նման երաշխիքներ չկան, դժվար է դրանք նույնիսկ պատկերացնել։
«Հիմա ամեն տեղ տեսախցիկներ են լինելու, դրանց կենտրոնացված կերպով հետևելու է ոստիկանությունը։ <․․․> Մասնավոր հատվածը պարտավորվելո՛ւ է ոչ միայն տեսախցիկ տեղադրել, այլև հասանելիություն տալ ոստիկանությանը։ Այս ամենն արվում է քաղաքացիների անվտանգության համար։ Բայց ստացվում է, որ քաղաքացիները մշտական հսկողության տակ են լինելու՝ առանց հսկողներին հսկելու որևէ հնարավորության։ Դու ուժայիններին վերահսկելու որևէ հասարակական ինստիտուտ չունես։ Հայտնի չէ նաև, թե այս համակարգը ինչ անվտանգային երաշխիքներ է ունենալու։ Մենք լավ ենք հիշում, ինչպես էին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հանգիստ հետևում երկրով մեկ տեղադրված, թույլ կարգավորումներով հազարավոր վատ տեսախցիկներին», – գրել է Մարտիրոսյանը։
Համատարած տեսահսկումը կարող է խախտել նաև մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը։