Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ կանգնեցնել։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին դիմելով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արագաչափերի և տեսախցիկների խնդրին։
«Կարծում եմ՝ հսկայական տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, դրա հնարավորությունը չունենալու պատճառով։ Պետք է մեխանիզմներ մտածել այդ պարտքը ներելու մասին։ Եվ մյուսը՝ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին։ Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ֊որ մի ժամանակաշրջանով, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, մտածել [դրանց] գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին»,֊ ասել է Փաշինյանը։
Նրա պնդմամբ՝ այդ պրակտիկան պետք է նույնիսկ հենց այսօրվանից դադարեցնել՝ «երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»։
Վարչապետը խնդրել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին զբաղվել այս խնդրով և գալիք երկուշաբթի առաջարկել հստակ լուծումներ։