Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ այս պահին խնդիրը կարգավորում է։
Գրառման տակ մեկնաբանող օգտատերերից շատերը ողջունում են տեսախցիկներ տեղադրելու գաղափարը՝ նշելով, որ դրանք պետք է լինեն տրանսպորտային բոլոր տեսակների մեջ։ Նաև խորհուրդ է տրվում տոմսերի միասնական համակարգ ներդնել, ինչին ի պատասխան Կարապետյանը գրել է․ «Վաղ թե ուշ ներդրվելու է տոմսերի միասնական համակարգը ու հենց այս փուլում տեսախցիկների ներդրումը քաղաքապետարանի օպերատորի մոտ ուղևորահոսքերի, ֆինանսական հոսքերի մասին պատկերացում կազմելու նպատակ ունի»։