Home / Ազգային ժողով / Առողջապահության ֆինանսավորումը կրճատվել է, IT-ինը՝ կրկնապատկվել. Բյուջե 2025 

Առողջապահության ֆինանսավորումը կրճատվել է, IT-ինը՝ կրկնապատկվել. Բյուջե 2025 

Չնայած տարիներով ստացած հարկային արտոնություններին՝ բարձր տեխնոլոգիաները չեն դարձել Հայաստանի տնտեսության շոգեքարշը։ Հայաստանցի այթիշնիկները (շուրջ 54000 հոգի) հիմնականում աութսորս ծառայություններ են մատուցում այլ երկրներում՝ չստեղծելով արտադրանք Հայաստանում։ Կառավարությունը շարունակում է հավատալ ՏՏ պոտենցիալին. եթե պետական ծախսերը 2025-ին այլ ոլորտներում կրճատվում են (օրինակ, առողջապահության մեջ պետական ներդրումները կկրճատվեն 3,5 տոկոսով, 2025-ին էլ չի սկսի խոստացված առողջական համապարփակ ապահովագրությունը) Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բյուջեն կավալենա մոտ 90 տոկոսով (անցյալ տարի այն կազմել է 47,5 միլիարդ դրամ)։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում Epress.am-ի հարցին, թե ինչքանով են արդարացված նման ծախսերը, պատասխանել է. «Դա մեծ ծախս է, մենք գնացել ենք այդ ծանր քայլին, քանի որ կարևորում ենք այդ ոլորտը»։ 

Նախարարը չի հայտնել ֆինանսական տվյալներ, թե ի՞նչ եկամուտ է բերել Բարձր տեխնոլոգիաներին տրված արտոնությունը. մինչև 30 աշխատող ունեցող IT ընկերությունները վճարում են 20-ի փոխարեն 10 տոկոս եկամտահարկ։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է` արտոնությունը չի եղել արդյունավետ, այն թույլ է տվել մեծ ընկերություններին արհեստականորեն բաժանվել մի քանի փոքր ընկերությունների՝ հարկեր քիչ վճարելու համար։

2025 թվականի բյուջեով նախատեսվում են նոր արտոնություններ։ Պետբյուջեից 32 միլիարդ 810 միլիոն դրամ կհատկացվի բարձր տեխնոլոգիաների շուկան զարգացնելու համար։ 

Բացի այդ, IT-ընկերություններին հավելյալ 29.5 միլիարդ դրամ կհատկացվի։ Եթե ԱԺ-ն կողմ քվեարկի առաջարկված օրենսդրական փաթեթին, այս արտոնությունները կգործեն յոթ տարի ժամկետով։ 

Եկամտահարկի 50 տոկոսով արտոնություն կստանան այն ընկերությունները, որոնք բարձր որակավորում ունեցող ծրագրավորող միգրանտների կբերեն Հայաստան։ 

«Կարևոր է աշխատակիցներ ներգրավվելը այլ երկրներից, և վերազգային ընկերություններ բերել մեր երկիր», – ասել է Հայրապետյանը։

20-ի փոխարեն 10 տոկոս եկամտահարկ կտան այն ընկերություններին, որոնք գիտահետազոտական աշխատանքներ կանեն։

Բացի այդ, նոր աշխատակից ներգրավելիս սկսնակ ընկերություններին (մինչև 30 հոգանոց) կտրվի եկամտահարկի 100% փոխհատուցում, 30-ից ավել աշխատակից ունեցողներին՝ 50% փոխհատուցում:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի բյուջեի քննարկումը անցավ պատգամավորների անտարբերությամբ։ Աշխատանքային օրվա վերջին բյուջեի քննարկումն էր, դահլիճում ընդամենը երկու պատգամավոր կար։

«Քվորում չկա, նիստը չի կարող կայանալ։ Ո՞ւր են ձեր պատգամավորները», – բողոքեց ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։ Նիստը վարող Ծովինար Վարդանյանն, այնուամենայնիվ, թույլ տվեց, որ Հայրապետյանը ներկայացնի իր զեկույցը։ Քիչ անց դահլիճ եկան թեմայից անտեղյակ պատգամավորներ։ Քվորումն ապահովվեց։ Թեմայի վերաբերյալ հարցեր չկային։ Նախարարը կես ժամ բանավիճեց դաշնակցական պատգամավոր Թադևոս Գևորգյանի հետ, ում հետաքրքրում էր նիստի հետ կապ չունեցող ռազմարդյունաբերությունը։