Home / Բանակ / Ռուսաստանն ու Ուկրաինան սկսել են «1000-ը 1000-ի» ձևաչափով գերիների փոխանակությունը

Ռուսաստանն ու Ուկրաինան սկսել են «1000-ը 1000-ի» ձևաչափով գերիների փոխանակությունը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմը վերադարձրել է 270 ռուսական ռազմագերիների և 120 քաղաքացիական անձանց։ Վլադիմիր Զելենսկին ևս զեկուցել է Ուկրաինա վերադարձած 390 գերիների մասին։ 

Սա «1000-ը՝ 1000-ի» ձևաչափով գերիների փոխանակության առաջին փուլն է։ Այս մասին համաձայնությունը ձեռք էր բերվել մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում։ Երկու երկրների պատվիրակությունների միջև ստամբուլյան հանդիպումը բանակցային գործընթացի առաջին գործողությունն էր ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Երկու ժամ տևած քննարկման արդյունքում կողմերը հրադադարի շուրջ համաձայնության չեն եկել։ Վլադիմիր Զելենսկին այս մեծամասշտաբ փոխանակությունը որակել է որպես պատվիրակությունների հանդիպման միակ արդյունք։ 

Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ այս փոխանակության շրջանակներում երկրր են վերադարձել զինծառայողներ, որոնք գերության մեջ էին 2022 թվականից։

Շաբաթ և կիրակի օրերին նախատեսվում է գերիների փոխանակության հաջորդ փուլը։ Մայիսի 22-ին երկու երկրները միմյանց են փոխանցել գերիների անվանացանկերը։ 

Նախորդ փոխանակությունը կազմակերպվել էր մայիսի 6-ին։ Այն ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ յուրաքանչյուր կողմից տուն էր վերադարձել 205 գերի։