Home / Հայաստան / Ռուս ուժայիններն ազատ ելումուտ ունեն հայաստանյան ոստիկանական բաժիններ

Ռուս ուժայիններն ազատ ելումուտ ունեն հայաստանյան ոստիկանական բաժիններ

Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժանմունք և ոստիկանների ներկայությամբ փորձել են համոզել Ռուսաստանում քրեական գործով անցնող Ռոման Շկլովերին ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

2025 թվականի փետրվարի 13-ին Շկլովերին զանգահարել են ՀՀ ոստիկանության Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժնից և հրավիրել բաժանմունք՝ որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ոստիկանության բաժանմունքում նրան հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունում Շկլովերի դեմ քրեական գործ կա հարուցված, բայց դեռևս խափանման միջոց ընտրված չէ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ այդ ընթացքում իրենց փաստաբան Սամսոն Գալստյանի ներկայությամբ ոստիկանության բաժին  են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ՝ ամենայն հավանականությամբ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցներ և ոստիկանների ներկայությամբ Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին, խոստանալով, որ «իր հետ ամեն ինչ լավ կլինի»։ Շկլովերը հրաժարվել է համագործակցել ԱԴԾ աշխատակիցների հետ։

Ստացվում է , որ Ռուսաստանի անվտանգության աշխատակիցները ազատ ելք ու մուտք ունեն Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բաժանմունքներ, անարգել կարողանում են հանդիպել բաժանմունքներում գտնվող ՌԴ քաղաքացիների հետ և նրանց «հորդորում են»  ինքնակամ հանձնվել ՌԴ-ին, նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Կազմակերպությունը խստորեն դատապարտում է և՛ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ակնհայտ ապօրինի գործողությունները ինքնիշխան պետության տարածքում, և՛ պահանջում հայաստանյան իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել ոչ միայն դադարեցնելու նման ապօրինությունները, այլև նման ապօրինի գործողություն կատարողների նկատմամբ հարուցել քրեական հետապնդում։

Սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ անվտանգային մարմինները Հայաստանում ռուսաստանցիների են հետապնդում։ 2024թ․-ի մարտին Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիները իրենց բնակության վայրերի մոտ նկատել էին Ռուսաստանի Դաշնության զինվորական համազգեստով անձանց, որոնք անթաքույց հետևում էին իրենց, հետաքրքրվում՝  ովքեր են բնակվում իրենց կողմից վերահսկվող բնակարաններում։

ՀՔԱՎ-ը պարզել էր, որ ՌԴ զինվորական համազգեստով իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օգտագործում էին  չհաշվառված, հայկական  պետհամարանիշով մարդատար  ավտոմեքենա, որը նախատեսված պետք է լիներ բացառապես  օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար։