Home / Հայաստան / Փաշինյանը «գաղափարախոսություն» է մտածել Սահմանադրություն փոխելու համար

Փաշինյանը «գաղափարախոսություն» է մտածել Սահմանադրություն փոխելու համար

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին և առաջարկել «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» կյանքի կոչելու համար համաժողովրդական հանրաքվե անցկացնել, ընդունել նոր Սահմանադրություն։

Հունվարին արդարադատության նախարարը խոստացել էր, որ նոր Սահմանադրության տեքստը կմշակվի մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները՝ 2026 թիվ։ Սահմանադրություն փոխելու հարցը օրակարգ է մտել Բաքվի վերջնագրերից հետո։ Ադրբեջանի ղեկավարությունը հայկական Մայր օրենքի նախաբանում նկրտումներ է գտել իր տարածքային ամբողջականության նկատմամբ և պահանջել հեռացնել հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ հիշատկվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորումը։ Անցած տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։ Այն որոշումը Բաքվի դիրքորոշման վրա չէր ազդել։

Հայաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ Սահմանադրությունը որոշել են փոխել ավելի լեգիտիմ ու ավելի լավ մայր օրենք ունենալու համար։ Ասում են՝ Ադրբեջանի պահանջների հետ դա կապ չունի։

տեսլականի նախագիծ

«Գաղափարախոսական» իր ուղերձում վարչապետը ներկայացրել է «իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը»։ Այն բաղկացած է 14 դրույթներից։

«Իրական Հայաստանը», ըստ նրա, հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ։

Փաշինյանի խոսքով՝ հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդն ինքն իրեն ոչ միայն ընկալի որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ և որոշմամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն։ 

«Գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ», – ասել է Փաշինյանը։

Հարկեր վճարելը հռչակվել է «պետության և ժողովրդի առաջ անհատի առաջնային հոգս»։ Պետական բյուջեն ձևակերպվել է որպես «յուրաքանչյուր ընտանիքի» բյուջեի մաս։ Վարչապետը հայտարարել է, թե «պետբյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարօրության համար ավելի մեծ միջոցներ է ծախսում, քան յուրաքանչյուր ընտանիքն ինքն իր համար, հետևաբար ինչպես որևէ մեկն ավելորդ չի համարում իր ընտանիքի համար ավելորդ ծախսերը, այնպես էլ ավելորդ չպետք է համարի Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարկային պարտականությունների և պարտավորությունների կատարումը»։ 

Փաշինյանը խոսել է նաև անկախության՝ «քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ» փոխարինելու մասին։

«Փոխինտեգրված և գնալով ավելի փոխինտեգրվող աշխարհում անկախությունը ոչ միայն բացարձակ չէ, այլև երբեք չի եղել բացարձակ, որովհետև պետություններն այսպես թե այնպես կախված են այլ պետություններից: Հետևաբար, անկախ եղել են, կան և կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից: […] Սա նշանակում է ոչ թե բոլորից հավասար կախված լինել, այլ մեկից կախվածությունը հավասարակշռել մյուսից կախվածությամբ, բայց այդ հարաբերության մեջ երբեք չլինել ստատիկ»:

Վարչապետը փորձել է սահմանել նաև խաղաղությունը որպես «հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտություն»։

Փաշինյանի այսօրվա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: Ենթադրվում է, որ նոր ռազմավարության հիմքում դրվելու են այսօր հրապարակված տեսական մտքերը։