Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ժաղովրդին։
Ելույթից․
– Իսկ ինչ տեղի կունենար [Ղարաբաղի] այս քաղաքների անկումից հետո․ ՊԲ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան քսան հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ։
– Այս պայմաններում հասկանալիորեն անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի։
– Ինչու էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Խնդիրը հետևյալն է․ ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն։
– Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, որ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պիտի տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։
– Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը և այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։
– Բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար։
– Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։
Թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա։ Եվ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե ֆիզիկական, թե քաղաքական առումով։ Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ այդ գիտակցությամբ։
– Այս իրավիճակում և պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ ոչ թե կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր։ Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր տասը, քսան, քսանհինգ հազար զինվերների զոհվելով կամ գերեվարությամբ։
— Ինչու հրաժարական չտվեցի այդ փաստաթուղթը չստորագրելու համար։ Ոորովհետև դա կնշանակեր դասալքություն, կնշանակեր դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին այն հույսով, որ հետո կասեին՝ վարչապետ Փաշինյանն էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի։ Որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում՝ թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ կերպ հնարավոր չէր լինի կանգնեցնել։
— Իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ։ Որովհետև ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադարության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաև հակառակորդին, դեռ ավելին՝ մեր քսանհինգ հազար զինվերների՝ ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։
— Ես խոստացել եմ ժողովրդի հետ, քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները։ Իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար է։ Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են։
— Իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններում զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին կամ մի փոքր ավելի ուշ։ Սրա համար երկու պատճառ կար․ նախ, պետք էր առանց մարտի հանձնեինք յոթ շրջան՝ ներառյալ Շուշին, և երկրորդը՝ ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը։
— Մենք, ավելի կոնկրետ՝ Արցախի նախագահը, ԶՈՒ ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, և, բնականաբար, առաջին հերթին ու գլխավորապես կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետր ատամներով պահելու համար։ Մեր զորքը կռվել է հերոսաբար, կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար․․․
— Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։
— Լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է․ խոսքն ընդամենը տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին է, այդ թվում՝ Ադրբեջանից Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը՝ Իրանի հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում։
— Ինչ վերաբերում է ԼՂ այն հատվածին, որը Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո է, ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ, անխափան գործելու է, նաև Շուշիի հատվածում։
— Ռուս խաղաղապահներն ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ, և Ստեփանակերտ-Երեւան կապը պիտի լինի հուսալի։
— Խաղաղապահներն ապահովելու են նաև Արցախի այլ հատվածների, սահմանի անվտանգությունը։
— Խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պիտի հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր․ Հայաստանի ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ավերածությունները հնարավորինս արագ վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար։
— Սկզբունքային կարևոր նշանակություն ունի Ղարաբաղի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը։ Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջանահերթություն, և, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ։
— Հայաստանում մեր հետագա անելիքները․ մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է։ Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին։