«Առողջ մարդ էր, ոչ մի հիվանդություն չի ունեցել․ հոգեպես այնքան ընկճված է, որ առողջականը վատացել է». Ազատություն ռադիոկայանը զրուցել է շուրջ երկու տարի Բաքվի բանտում պահվող գերիներից մեկի կնոջ հետ։
«Սրտից ու տեսողությունից է բողոքում <…>։ Ինձ հայտնի է, որ առողջական վիճակը վատ է ընդհանուր առմամբ, դա սկսվել է դատավարության սկզբից», – ասել է կինը։
Տեսողական խնդիրների պատճառներից նա տեղյակ չէ։
«Սիրտը վատ է, ընդհանուր սաղ մարմինը վատ է <․․․>։ Բայց ես խոսելուց, իր վիճակից ելնելով, հասկանում եմ, որ ինքը հոգեպես տառապում է այն մտքից, որ կմնա գերևարության մեջ, իրեն բաց չեն թողնի, կմնա այնտեղ։ Հարց է տալիս ինձ՝ դու հաստատ գիտե՞ս, որ լավ կլինի․․․ Ես էլ հույս եմ տալիս՝ լավ կլինի։ Բայց այդ լավը ես չեմ տեսնում առ այսօր։ Լավը էն կլինի, որ հիվանդ մարդուն չպահեն գերևարության մեջ, բաց թողնեն՝ թեկուզ վերջին վայրկյանին լինի իր ընտանիքի հետ», – պատմել է կինը։
Ամուսնուն հարցրել էր Բաքվում պահվող հայերի հանդեպ վերաբերմունքից․
«Ձեզ չարչարո՞ւմ են։ Չէ, ասում ա, չեն չարչարում, բայց ես վատ եմ։ Ու ես չեմ հասկանում՝ էտ վատը ինչից ա»։
Կինը խոստովանել է նաև, որ չգիտի, թե ո՞ր կառույցին պետք է դիմել՝ գերևարվածներին բժշկական օգնություն տրամադրելու հարցով։ Իշխանության կողմից ձեռնարկված քայլերից նա արդյունք չի տեսել։
«Միակ լավը էն եմ զգում, որ Կարմիր խաչը մեզ օգնում է, որ մենք կապ հաստատենք իրենց հետ։ Պետության կողմից ես ոչ մի լավ աշխատանք, աջակցություն չեմ տեսնում։ Ո՛չ ֆինանսական աջակցություն գերիների ընտանիքներին, ո՛չ հոգեբանական աջակցություն։ Ոչ մի տեղ գերիների անունները չկան։ Որ կաբինետ մտնում ես, ասում են՝ լավ է լինելու»։
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն օգնում է գերևարվածների ընտանիքներին հեռախոսազանգերի, երբեմն տեսակապի կազմակերպման հարցում, «առաջնային անհրաժեշտ պարագաները իրենք տանում են»՝ ներքնազգեստից մինչև միրգ, հիգիենայի պարագաներ ու քաղցրավենիք․ «Տարին մեկ անգամ մեզ հնարավորություն են տալիս, մենք ենք ուղարկում։ Ինքը ինձ ասել էր՝ ինձ ոչ մի բան պետք չի, մենակ ազատություն է պետք։ Բայց ես ուղարկում եմ, չեմ հարցնում՝ ի՞նչ է ուզում»։
Գերևարվածների առողջական վիճակի մասին և դատավարությանը վերաբերող որոշ փաստաթղթեր են տրամադրվել ընտանիքներին, բայց դրանք թարգմանել է պետք․ «Ադրբեջաներեն են։ Հայաստանի կառավարության միջոցով փաստաթղթեր են ուղարկել, որի թարգմանությունը չկա։ Բազմաթիվ թղթեր են։ Մենք պետք է թարգմանենք, որ տեղեկանանք»։
Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող դատավարությունից ընտանքներն առանձնապես տեղյակ չեն, համացանցում հայտնվող կադրերից հասկանում են միայն, որ բոլորն էլ վատ են․ «Նկարներին նայելով հասկանում ենք, որ մեր գերիների վիճակը վատ է։ Բոլորը վատ են․ արտաքին տեսքով էլ են վատ, առողջական խնդիրներով էլ»։
Իշխանությունների որևէ ներկայացուցիչ իրենց չի հանդիպել, չի պատմել մարդկանց տուն վերադարձնելուն ուղղված քայլերի մասին։
«Ես էլ մոտենում եմ, որ մտնեմ, դիմեմ մեր հարցով, իմանամ՝ ի՞նչ են անում, ի՞նչ են խոսում դրա մասին, ո՞ւմ դիմեմ ես էտ հարցով։ Չեն ընդունում։ Փորձել եմ մտնել պարոն Փաշինյանի մոտ։ Չի՛ ընդունել։ Գնացել եմ, չեն ընդունել։ Ասել են՝ ընդունելություն չկա, չի ընդունում նման հարցերով։ Ես արդեն չեմ իմանում՝ ո՞ւմ դիմել, ո՞ւմ մոտենալ, մի հատ տեղեկություն իմանալ գոնե<․․․>:
Մենք անտեսված ենք բառիս բուն իմաստով։ Եթե գերիներին չեք ազատում, գոնե ընտանիքներին ջերմություն ցուցաբերեք, մարդիկ զգան, որ անտեսված չեն։ Բոլորի համար մեր սիրտը ցավում է՝ թեկուզ պետնախարար, թեկուզ հասարակ քաղաքացի։ Շատ լավ կլիներ՝ բոլորին օգնեին։ Կխնդրեի աշխատեն բոլորին ազատել», – ասել է կինը։
Ադրբեջանի բանտերում այս պահին առնվազն 23 հայ պատանդ է պահվում։ 15 հոգու՝ նախկին պաշտոնյաներ և զինվորականներ, դատում են միացված գործով, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Կան քաղաքացիական և զինվորական պատանդներ, որոնք այլ մեղադրանքներով են անցնում։
Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԼՂ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ նախկին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին ադրբեջանցիները ձերբակալել են 2023-ի սեպտեմբերին, երբ նրանք տասնյակ հազարավոր հայերի հետ միասին փորձում էր լքել Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղը։ Պատանդների մեջ կան նաև մարդիկ՝ զինվորական և քաղաքացիական, որոնց ադրբեջանցիները ավելի վաղ են գերեվարել՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլ Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։
Ձերբակալվածներից շատերին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանց դատում են ռազմական դատարանում, մեղադրում են պատերազմական հանցագործությունների, ընդհուպ մինչև հազարավոր ադրբեջանցիների սպանության մեջ։ Ապացույցներ չեն հրապարակվում։