Home / Առողջապահություն / Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել դատական ֆարսի դեմ

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել դատական ֆարսի դեմ

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կրկին հացադուլ է սկսել. նա ընտանիքի միջոցով հայտնել է, որ այս կերպ բողոքում է դատարանում ընթացող ֆարսի դեմ:

«Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը», – նշել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը:

Ղարաբաղի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտպանության բանակի նախկին հրամանատարների և հայազգի պատանդների դեմ դատական բեմականացումը սկսվել է այս տարվա հունվարին։ Նրանց մեղադրում են պատերազմական հանցագործությունների մեջ, մեղսագրվող արարքների ցանկում կան նաև ահաբեկչական հոդվածներ։ Շատերին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ 

«Այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով: Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը: Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր», – հայտարարել է Վարդանյանը։

Նրա իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել նրա հետ, գործի նյութերը փաստաբաններին չեն փոխանցել։ Միլիարդատերը պատմել է նաև իր դեմ հոգեբանական ճնշումների մասին։

«Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: <․․․> Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է», – շարունակել է նախկին պետնախարարը:

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են 2023-ի սեպտեմբերի 28-ին՝ Հակարիի կամրջի վրա։ Մեկօրյա պետարզմից հետո նա տասնյակ հազարավոր հայերի հետ միասին փորձում էր լքել Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղը։ 

Վարդանյանից բացի՝ նույն ժամանակահատվածում ձերբակալել են նաև Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԼՂ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ նախկին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին։

Այս պահին Ադրբեջանի բանտերում առնվազն 23 հայ պատանդ է պահվում։ Նրանց թվում են կամ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլ Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։

15 հոգի, մեծ մասը՝ նախկին պաշտոնյաներ կամ զինվորականներ, դատվում են միացված գործով։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։

Ադրբեջանի ռազմական դատարանը երեկ հրապարակել է նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ու մյուս պաշտոնյաների մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ղարաբաղի նախկին ղեկավարներին ու զինվորականներին վերագրվել է 1988 թվականից մինչև 2024 թվականն ավելի քան 18 հազար ադրբեջանցու սպանություն։ Մեղադրանքը հաստատող ապացույցներ չեն հրապարակվել։

Մեղադրական եզրակացության մեջ հիշատակվել են նաև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի այլ ռազմաքաղաքական գործիչների անուններ։ Նրանք ներկայացվում են որպես Ադրբեջանական ագրեսիայի հետևում կանգնած մարդիկ։ Անուղղակի մեղադրանք է հնչել նաև Ռուսաստանի հասցեին՝ Հայաստանին զինամթերք վաճառելու համար, որը հետագայում հայտնվել է չճանաչված հանրապետության տարածքում։

Երեկ հնչած մեղադրանքներին Հայաստանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել: Մինչ այս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվում ընթացող դատավարությունը թատերականացված է որակել և չի բացառել, որ ադրբեջանցիները արգելված միջոցներով ցուցմունքներ են փորձում կորզել պատանդառված հայերից՝ հետագայում դրանք Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով:

Սա Ռուբեն Վարդանյանի առաջին հացադուլը չէ։ Նախորդ անգամ՝ 2024-ի ապրիլին, հացադուլ հայտարարելու համար նրան պատժել էին մեկուսարան տեղափոխելով։

«Մեկուսարանում շուրջօրյա լույս էր միացված, ինչը լուրջ անքնության և հյուծվածության էր հանգեցրել, – հայտարարել էր Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Հենսերը, որին այդպես էլ չէին թույլատրել տեսակցել իր պաշտպանյալին․ – Բացի այդ, Ռուբենին երկար ժամանակ ստիպել են կանգնած մնալ, ավելի քան երկու օր զրկել են ջրից։ Զրկել են նաև լողանալու, հագուստ փոխելու հնարավորությունից, նույնիսկ զուգարանի թուղթ չեն տվել, արգելել են կարդալ և գրել»։ 

Հացադուլն այն ժամանակ տևել է 20 օր։