Home / Հայաստան / Հայկական բիզնեսին պատժում են արգելված առևտրի համար

Հայկական բիզնեսին պատժում են արգելված առևտրի համար

Հայաստանյան «Մեդիասար» ընկերությունը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ․ քիմիկատներ, սննդանյութեր և լաբորատոր սարքավորումներ ներկրող ՍՊԸ-ն, ըստ Վաշինգտոնի, «աջակցել է Ռուսաստանի բանակին և ռազմական արդյունաբերությանը»:

Մինչ այս հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների սանկցիաների տակ է հայտնվել նաև Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է էլեկտրոնային արտադրանքի առևտրով։

Մինչ Հայաստանի վարչապետը հավաստիացնում է՝ օգնում ենք Ռուսաստանին, բայց պատժամիջոցներ չենք շրջանցում, Արևմուտքը խոսում է Հայաստանից արտահանումների արտառոց աճի մասին։

Ամերիկյան պատժամիջոցների նոր ցանկը հրապարակվել է մայիսի 19-ին՝ Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը: 70 ընկերություններից բաղկացած ցուցակում նաև ղրղզական ընկերություններ կան։ «Մեծ յոթնյակը» հայտարարել է, թե շարունակելու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը։ Առաջիկայում հրապարակվելու է նաև Եվրամիության նոր պատժամիջոցների ցանկը։ «Սանկցիաներ կսահմանվեն նաև պետությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք Ռուսաստանին օգնում են շրջանցել գործող սահմանափակումները»։

Մեդիասար

«Մեդիասար» (Mediasar) ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեդիասարի» միակ սեփականատերը Մանվել Գաբրիելյանն է։

ՍՊԸ-ն զբաղվում է քիմիկատներ, սննդանյութեր, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ, ներկայանում է որպես ոլորտում գործունեություն ծավալող ամենախոշոր հայաստանյան ընկերությունը։ Տեղակայված է Երևանի կենտրոնում, 2500 քառակուսի մետր տարածքով պահեստ ունի։ Աշխատակիցների թիվը հայտնի չէ։

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում «Մեդիասարը» 732-րդ տեղն է զբաղեցնում՝ անցած տարի շուրջ 400 միլիոն դրամի կամ ավելի քան մեկ միլիոն դոլարի հարկ է վճարել։

Ընկերության ներկայացուցիչները «Ազատությանը» պատմել են, որ Հայաստանի կառավարությունը իրենց չի արգելել այդ ապրանքները Ռուսաստան արտահանել, իրենք մաքուր են աշխատել, պատկան մարմինները հստակ իմացել են, թե ինչ են ներկրում և ինչ արտահանում արևմտյան խիստ պատժամիջոցների տակ գտնվող երկիր։ Ըստ նրանց, պատկան մարմիններն իրենց պետք է զգուշացնեին, որ այս կամ այն ապրանքը չի կարելի Ռուսաստան հասցնել, ինչը չեն արել։

Ռադիոկայանը գրում է՝ «Մեդիասարի» աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, փոխանցել է, որ Ռուսաստան արտահանել են քիմիական նյութեր, լաբորատոր սարքավորումներ և այլն։ Այս ապրանքները ներկրվել են տարբեր երկրներից, այդ թվում՝ հենց Միացյալ Նահանգներից, Եվրամիության պետություններից։

Տակո

«ՏԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանում է գրանցվել 2022-ի մայիսին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՍՊԸ-ն զբաղվում է էլեկտրոնային արտադրանքի առևտրով:
«ՏԱԿՈ»-ի սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի է:

ՀՀ վարչապետ․ « Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են»

Հայաստանն արևմտյան պատժամիջոցները չի շրջանցում՝ հակադարձում է պաշտոնական Երևանը։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ արևմտյան երկրների հետ հանդիպումներում այս հարցը դրվում է հայկական կողմի առաջ, իրենք էլ միշտ նույն պատասխանն են տալիս․

«Մենք ասում ենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ և հետևաբար՝ մենք կգործենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո»։

Վարչապետի հավաստմամբ՝ Երևանը բոլոր ուղղություններով աշխատում է, որպեսզի և սանկցիաները չխախտվեն, և պահպանվեն գործընկերային հարաբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի հետ։ «Հայաստանը թափանցիկ երկիր է, մեր բոլոր թվերի մեջ երևում է եկած-գնացածը։ Մենք հո սև առևտրով չենք զբաղվելու»։

Մինչ այս՝ չեխական պարբերականներից մեկին տված հարցազրույցում, Փաշինյանը հայտարարել էր, թե պատժամիջոցները Հայաստանի կարմիր գիծն են։

«Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով․․․Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ»:

ԵՄ-ՀՀ-ՌԴ

Վաշինգտոնը և Բրյուսելը արդեն տևական ժամանակ է ակնարկում են, իսկ արևմտյան մամուլը՝ ուղիղ գրում Հայաստանից արտահանումների կտրուկ աճի և այն մասին, որ արգելված ապրանքները Ռուսաստան են հասցվում այդ թվում նաև Հայաստանի միջոցով։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։ Օրինակ, եթե 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 745 հատ հեռախոս, մոդեմ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 53 հազարի։ Ըստ «Եվրոնյուզի»՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո (2022-ին) ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել․ 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր։ Ըստ «Ազատության», եվրոպական միայն մեկ երկրի դեպքում միկրոչիպերի, սարքերի ներմուծումը Հայաստան աճել է ավելի քան 700 տոկոսով։

Եվրամիությունն այժմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթն է նախապատրաստում։ Դրա նպատակը հենց երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքները Ռուսաստան արտահանելը կանխելն է։ Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն այդ թվում նաև հայաստանյան ընկերություններ։ Անուններ դեռ չեն նշվում։