Home / Հայաստան / Վրաստանն ընդդեմ հայկական ալկոհոլի․ Երևանում փողոց փակեցին

Վրաստանն ընդդեմ հայկական ալկոհոլի․ Երևանում փողոց փակեցին

Հայաստանցի կոնյակագործներն ու գինեգործներն մայիսի 21-ին բողոքի ակցիա էին անում Վրաստանի դեսպանատան մոտ։ 40 օր է Հայաստանից Ռուսաստան և մերձբալթյան երկրներ արտահանվող խմիչքները մնացել են Վերին Լարսում՝ վրացական կողմը լաբորատոր փորձաքննություն է պահանջում։ Նախկինում, սակայն, նման պահանջներ չեն եղել։ Վրաստանը, լինելով տարանցիկ երկիր, սահմանափակվել է միայն մաքսատուրքերով։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պատճառներն իր համար էլ են անհասկանալի․ գերատեսչությունը փորձում է կարգավորել հարցը: Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ընդամենը ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով Վրաստանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։ Բացի այդ նման գործելաոճով վրացական կողմը փորձում է տեղ բացել սեփական արտադրողի համար։

«Նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերը, ուսումնասիրում է, տեսնում է կոմերցիոն գաղտնիքները․ որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը: Այդ ամբողջ ինֆորմացիան վաղը-մյուս օր փոխանցելու են իրենց կոնյակագործներին և փորձելու են այս շուկան խաթարելով գրավել: Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ», – ասել է Մակարյանը:

Նա նաև խորհուրդ է տվել Կառավարությանը դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, քանի որ Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը։

Կոնյակ և գինի արտադրողներից բացի, ակցիային մասնակցում էին նաև նրանց գործարանների բազմաթիվ աշխատողներ։ Վերջիններս վախենում են, որ այս սահմանափակումների պատճառով կկրճատվի իրենց աշխատավարձը, միգուցե նաև կորցնեն աշխատանքը։

«Եթե այս ճանապարհն էլ փակեն, հայ գործարարին, հայ ժողովրդին չթողնեն իրենց արտադրածը արտահանեն, ժողովուրդը ինչպե՞ս ապրի։ Աշխատում եմ Պռոշյանի գործարանում արդեն 17 տարի և երբեք նման խնդիր չի եղել», – նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Դեսպանատան աշխատակիցները կոնյակի և գինու արտադրողներին խորհուրդ տվեցին հարցը լուծել վրացական դատարանի միջոցով՝ իրենք այստեղ ոչ մի իրավասություն չունեն։

Մի քանի անգամ կարճ ժամանակով փողոց փակելուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարություն, ապա կեսից դադարեցրին երթը։

«Հենց նոր կառավարությունից պատասխան ստացանք, որ կարճ ժամանակում մեր հարցի լուծումը կլինի», – նշել է երթի մասնակիցներից մեկը: