Մարալիկի ծննդատան բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա էին անում։ Ծննդատան 13 աշխատակիցները 7 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Կուտակվել է 12 միլիոն դրամի չվճարված աշխատավարձ: Երբ է այն վճարվելու՝ հայտնի չէ։
Ակցիայի ժամանակ այս մասին ասել է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:
Մարալիկի առողջական կենտրոնի ծննդատան բաժանմունքը 2019 թվականի որոշմամբ նախատեսվում էր փակել։ Բուժաշխատակազմի և տեղի բնակիչների բողոքի ակցիաների արդյունքում որոշումը վերանայվել էր․ նախարարությունը առաջարկել էր վերազինել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ համապատասխանեցնելով այն սահմանված նորմերին։ Բաժանմունքը, ըստ տնօրենի, մասամբ վերազինվել էր, 2020 թվականի փետրվարի 18-ին նոր ուսումնասիրություն էր արվել, սակայն բաժանմունքին՝ նույն հիմնավորմամբ, կարգ, այնուամենայնիվ, չէր շնորհվել։ Բաժանմունքը զրկվել էր պետպատվերից։
Հետագայում, ինչպես նշում է Հովսեփյանը, արձանագրված թերությունները շտկվել են, բաժանմունքը վերազինվել է անհրաժեշտ սարքերով, սակայն երբ դիմել են Առողջապահության նախարարություն, պատասխան են ստացել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նոր ուսումնսաիրություն անելու համար հանձնախումբ չկա։
Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հաստատել է՝ ծննդատանը թերություններ են եղել, որոնք հիմա շտկվել են, և սպասում են, որ նախարարությունից այցելեն և գնահատական տան:
«Մենք համարում ենք, որ բուժհաստատությունն արդեն համապատասխանում է բոլոր նորմերին և պատրաստ է աշխատել»,- tert.am-ի հետ զրույցում նշել է փոխմարզպետը՝ հավելելով, որ համավարակով պայմանավորված՝ «պետք է մի փոքր համբերատար լինենք»:
Մարզպետարանի նպատակը, ըստ փոխմարզպետի, որևէ աշխատատեղ չփակելն է։ Որոշողը Կառավարությունն է։ Իրենք սպասում են Առողջապահության նախարարության պատասխանին, որպեսզի հասկանան՝ ինչ դիրքորոշում ունի Կառավարությունը Մարալիկի ծննդատունը փակելու կամ չփակելու վերաբերյալ:
Մարալիկի առողջական կենտրոնի տնօրենի ԺՊ-ի խոսքով՝ այս անորոշությունը երկար է ձգվում։ Ծննդատան աշխատակիցներն ամիսներ շարունակ չեն վարձատրվել, թեև որևէ հստակ իրավական ակտ, որի հիման վրա բաժանմունքի 13 աշխատակիցներին հնարավոր կլիներ ծանուցել, որ իրենք ազատված են աշխատանքից, չկա․ «Այսինքն՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ, բայց չեն ստանում աշխատավարձ: Այս 7 ամսվա ընթացքում էլ գրանցվել է 21 ծնունդ», – ասել է Հովսեփյանը։
Ֆինանսական բեռն, ըստ նրա, օրեցօր միայն ավելանում է։ Հնարավոր է՝ առողջական կենտրոնն արդյունքում սնանկ ճանաչվի և լուծարվի՝ ծննդատնից բացի կորցնելով նաև պոլիկլինիկական բաժանմունքը։
Շիրակի փոխմարզպետի փոխանցմամբ՝ մասնագետներն այժմ քննարկում են հարցը, տնօրենին խորհուրդներ կտան, և եթե բուժհաստատությունը չկարողացավ կարգավորել խնդիրը, ուրեմն՝ արդեն Կառավարությունը պետք է որոշում ընդունի, թե կուտակված պարտքի մասով ինչ է լինելու:
Աշխատակիցները, ըստ փոխմարզպետի, ամեն դեպքում [անկախ ծննդատան ապագայից] պետք է վարձատրվեն։