հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Թուրքիայի հայտարարություններին

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Թուրքիայի հայտարարություններին

Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը, հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի՝ Չինաստանից ուղարկված օգնության արձագանքը, ինչպես նաև հարևան երկրի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը:

Չինաստանից ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան հիշատակումը Չինաստանի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ հրավիրվելու պատճառ էր դարձել՝ տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար։ Իսկ արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

«Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:

Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը:

Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը», – ասված է Նաղդալյանի հայտարարության մեջ։