Ղարաբաղում այսօր, չնայած կորոնավիրուսի հետ կապված օրերս հայտարարված արտակարգ իրավիճակին, կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ գրել էր, որ իշխանության՝ ամեն գնով ընտրություններն անցկացնելու պատճառն աննախադեպ մեծ գումարներ ծախսելն էր․
«Հիմա ինձ շատերը հարցնում են, թե ինչն է պատճառը, որ այսպիսի համառությամբ ցանկանում են ամեն գնով անցկացնել այդ ընտրությունները: Պատճառը շատ պարզ է. աննախադեպ շատ փող են ծախսել: Նույնիսկ իրենց ստանդարտներով: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է (որոշ տվյալներով` 10 միլիոն դոլարից շատ): Եթե մեկ շնչի հաշվով ծախսված գումարը վերցնենք, երևի, պատմության մեջ ամենաթանկ ընտրություններից մեկն են եղել:
Իսկ Արցախի սահմանադրության մեջ ընտրությունները հետաձգելու մեխանիզմ չկա : Կա ընտրությունները չեղարկելու մեխանիզմ: Այսինքն, եթե արտակարգ դրություն հայտարարվի, երկրորդ փուլը ոչ թե հետաձգվելու է, այլ ընտրությունները չեղարկվելու են և արտակարգ դրության ավարտից հետո նոր ընտրություններ են տեղի ունենալու (առաջադրումներով, առաջին փուլով և այլն): Քանի որ նրանք առանց փողի հաղթելու շանս չունեն, իսկ ծախսվածը արդեն էֆեկտը կորցրած կլիներ, ստիպված կլինեին էլի միլիոնավոր դոլարներ ծախսել: Սա նույնիսկ իրենց պարագայում անթույլատրելի շռայլություն կլիներ: Այդ իսկ պատճառով որոշել են «վա-բանկ» գնալ: Ընտրությունները կանցկացնեն, իսկ ծանր հետևանքների դեպքում կասեն, որ ողջ աշխարհում է այդպիսի վիճակ:
Ահա այսպիսի իշխանություն է ունենալու Արցախը»: