Home / Առողջապահություն / Արտակարգ դրությունը երկարաձգվեց, տնտեսական որոշ սահմանափակումներ հանվեցին

Արտակարգ դրությունը երկարաձգվեց, տնտեսական որոշ սահմանափակումներ հանվեցին

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշում ընդունեց երկարաձգել մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով։ Արտակարգ դրության ռեժիմն, այսպիսով, կգործի մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17։00-ն։

Արտակարգ դրության երկարաձգման հարցը այժմ քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ ստորև․

Այսօրվանից հանվում են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները։ Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն, ապրիլի 13-ից թույլատրվելու է մշակող արդյունաբերության գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը, բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը, մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը, շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի շինարարության ավարտական փուլի աշխատանքների, իսկ մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Հանրային տրանսպորտը, նաև՝ միջմարզային տրանսպորտը չի գործի։ Տեղաշարժի սահմանափակումները կմնան ուժի մեջ։

Զանգվածային լրատվամիջոցներին վերաբերող սահմանափակումները ամբողջությամբ վերացվում են։

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ, այս պահին հայաստանյան առողջապահական համակարգը կարող է սպասարկել կորոնավիրուսով 1700 մահճակալային հիվանդ, ինչը, մեղմ հաշվարկներով, թույլ է տալիս ունենալ մոտ 4500 ակտիվ վարակակիր։

Ապրիլի 13-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1039 դեպք, որոնցից 211-ն` առողջացած, 14-ը` մահվան ելքով: Վերջին մեկ օրում վարակվածների թիվն աճել է 26-ով, բուժվածներինը՝ 14-ով։ Ընդհանուր առմամբ արվել է ավելի քան 7000 թեստ։ Փաստացի բուժվող քաղաքացիները 814-ն են։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ այսօր կեսօրին արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալինա Նիկողոսյանը: