Հայաստանի կառավարության՝ բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանիչ միջոցների ներմուծման համար զրոյական մաքսատուրքի վերաբերյալ նախաձեռնությունն ընդունվել էր ԵԱՏՄ երկրների կողմից, և դրան զուգահեռ համապատասխան աշխատանքներ են սկսվել։ Բացի դրանից, գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքների վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացվեցին, ինչի արդյունքում ԵԱՏՄ անդամ երկրներ ներմուծումը կիրականացվի զրոյական մաքսադրույքով բժշկական ապրանքատեսակների մասով 6 ամիսների, իսկ գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքների՝ 3 ամիսների ընթացքում։
Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրները համապատասխան որոշում են կայացրել այն մասին, որ նշված ապրանքների ներմուծումն, ինչպես նաև համապատասխանության գնահատումն իրականացվում է պարզեցված ընթացակարգերով, ապրիլի 15-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Խոսվեց նաև Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք օգնության մասին․ 90 միլիոն եվրո աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտներին, մասնավորապես, առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին և ՓՄՁ-ներին։ Աջակցության տրամադրման գործիքակազմը և չափը դեռևս քննարկման փուլում են։
Տեղի է ունեցել նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնության ծրագրի խորհրդատվական կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել 456 500 եվրո տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին։
Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ խոսեց Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին տրվող աջակցության մասին, որը հասել է 280 մլն ԱՄՆ դոլարի, ինչի մասին օրեր առաջ հայտնել է ԱՄՀ աշխատակազմը։
«Միջոցները կառավարությանը հասանելի են այն պատճառով, որ մենք շարունակաբար բարելավել ենք մեր գործարար միջավայրը, ապահովել ներդրումների պաշտպանությունը և շարունակաբար բարեփոխումներ իրականացրել ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ոլորտներում՝ բազմաթիվ ուղղություններով միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում», – նկատել է Ավանեսյանը։ Այսպես, ըստ նրա, միջազգային հանրության մոտ վստահություն է ձևավորվել առ այն, որ Հայաստանի կառավարությունն այդ միջոցները կուղղի կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը և դրանք նպատակային կօգտագործի։ Սա առանց պայմանների վարկ է․ կառավարությունն է ընտրելու՝ ինչի վրա է փողը ծախսվելու, ուստի տվյալ միջոցների հասանելիությունը զգալիորեն հզորացնում է մեր հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, հավելել է Ավանեսյանը։