Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։ Մինչ կինը կադրում կիսվում է իր փորձով՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։ Տեսանյութին անդրադարձել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան․
«Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում՝ Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով նկատվում է կենցաղային և ընտանեկան բռնության դեպքերի աճ։
Բացառություն չէ նաև Հայաստանը, և կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը, ինչը պայմանավորված է մեկուսացման, աշխատանքի չգնալու, սոցիալական կապերի, հեռախոսից օգտվելու հնարավորությունների սահմանափակման հետ։
Առավել խնդրահարույց է, երբ նման տեսանյութերը նկարահանվում և հրապարակվում են հումորային դերասանների կողմից՝ բռնության և խտրականության տարրերով համեմված հումորը դարձնելով հանրային խրախճանքի առարկա։ Ցավոք, հաճախ հումորը հանդիսանում է խտրականության, կարծրատիպերի, ինչպես նաև՝ բռնության ամրապնդման միջոց։ Նման տեսանյութերը նպաստում են ընտանեկան բռնության նորմալիզացիային և հումորային երանգ հաղորդելով մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի, հանցագործություն հանդիսացող երևույթներին՝ դրանք դարձնում ընդունելի, և, նույնիսկ, զվարճալի։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր վրդովմունքն է հայտնում սույն տեսանյութի, ինչպես նաև համանման տեսանյութերի հրապարակման վերաբերյալ, և պահանջում՝ անհապաղ հեռացնել այն համացանցից»։