Ամերիկյան «The Flaming Lips» ռոք խմբի համերգներին հանդիսատեսը մասնակցել է անհատական պլաստիկ փուչիկի մեջ։
Հունվարի 22-ին և 23-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգի համանուն քաղաքում տեղի ունեցած զանգվածային միջոցառումը, այսպիոսով, կայացել է առանց հակահամավարակային կանոնների խախտման։ «The New York Times»-ը նշում է, որ փուչիկի մեջ են եղել նաև խմբի երաժիշտները։
Յուրաքանչյուր փուչիկիում, ըստ աղբյուրի, եղել է բարձր հաճախականությամբ ականջակալ, շշով ջուր, հովհար, սրբիչ և երկու ցուցանակ։ Ցուցանակները ապահովում էին հանդիսատեսի և աշխատակազմի միջև կապը․ դրանց շնորհիվ համերգի մասնակիցները կարող էին ազդարարել, որ շոգում են կամ զուգարան գնալու կարիք ունեն։ Առաջին դեպքում կոմպրեսորի օգնությամբ կազմակերպիչները օդափոխում էին փուչիկը, երկրորդ դեպքում՝ հանդիսատեսին փուչիկով տեղափոխում սանիտարական գոտի և բաց թողնում։
Փուչիկները տեղակայված էին շարքերով․ ամեն շարքում՝ 10 փուչիկ։ Համերգի լուսանկարիչ Նեյթան Փոփի հավաստմամբ՝ ամեն փուչիկում կարող էր գտնվել մինչև երեք հոգի։ Ներսում դիմակը պարտադիր չէր։
Համերգասրահից դուրս գալու համար անհրաժեշտ էր գլորել փուչիկը մինչև ելքի դուռը, ինչից հետո դուռը բացվում էր։
Համերգը նախատեսված էր դեռ դեկտեմբերին, բայց հետաձգվել էր Օկլահոմայում կորոնավիրուսի տարածման կտրուկ աճի պատճառով։
Բժշկական ոլորտի մասնագետները, այնուամենայնիվ, վստահ չեն, որ առանձնացված փուչիկները կարող են պաշտպանել վարակվելուց։
«Վարակիչ հիվանդության տարածման տեսանկյունից այս փուչիկների արդյունավետության կամ դրա բացակայության մասին որևէ ապացույց չկա»,- նշել է Բոստոնի համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Սանդրո Գալեան։
Օկլահոմայում հունվարի 24-ին՝ համերգի հաջորդ օրը, գրանցվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 2941, իսկ մահվան՝ 48 նոր դեպք։