ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու՝ խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ:
Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:
Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը պատմել էր, որ իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։
Օգոստոսին Նոր Նորքի մի բնակչուհի պատմել էր Epress.am-ին տվյալ բաժնի հետ կապված ի՛ր պատմությունը։