Home / Տեսանյութեր / ՀՀ-ում խոշտանգող ոստիկաններին ազատ են արձակում, նրանց պաշտոնը՝ բարձրացնում

ՀՀ-ում խոշտանգող ոստիկաններին ազատ են արձակում, նրանց պաշտոնը՝ բարձրացնում

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խոշտանգման համար դատապարտված մարդը չի կարող վաղաժամկետ ազատ արձակվել, կամ համաներման արժանանալ, սակայն ՀՀ օրենքում նման ձևակերպում չկա։ Այս մասին այսօր՝ Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա առիթով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ, ասել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը։

Նա ասել է, որ պետությունը պետք է ապահովի պաշտպան ունենալու իրավունքը ձերբակալման րոպեից ի վեր։ Սա, ըստ նրա, անմիջական կապ ունի խոշտանգման չենթարկվելու հետ։

«Եթե անձը հայտարարում է, որ անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել և եղել է մենակ՝ ապահովված չի եղել փաստաբանով, ապա ապացուցման բեռը ընկնում է պետության վրա։ Սա կարևոր հանգամանք է, որ Հայաստանում ամրագրված չէ։ Ես ուզում եմ անդրադառնալ «խոշտանգում» տերմինին։ Կոնվենցիան ասում է՝ եթե մարդը դատապարտվել է խոշտանգման համար, ապա նա չպիտի վաղաժամ ազատվի, կամ ներման իրավունք ունենա, սա խոշտանգումների կանխարգելման բաղկացուցիչ մաս է»,- ասել է Զեյնալյանը։

Զեյնալյանը հիշեցրել է Վահան Խալաֆյանի գործը։ Իրավապաշտպանը համոզմունք է հայտնել, որ Խալաֆյանը մահացել էր ոստիկանությունում ծեծի ենթարկվելու արդյունքում, իսկ ոստիկանները գործի առիթով բեմականացում էին մշակել, և ոստիկաններից մեկը դատվել է, սակայն համաներմամբ վաղաժամ ազատ է արձակվել։

Զեյնալյանը ևս մեկ օրինակ է բերել այն բանի, որ խոշտանգման դեպքերը նույնիսկ եթե հաղթահարում են իշխանական մեքենան և ապացուցվում են, միևնույն է՝ համապատասխան պատժիչ գործողությունների առիթ չեն դառնում։ Խոսքը «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին է, որով ՀՀ կառավարությունը թեև օգտագործել է ողջ ռեսուրսները, խոշտանգման փաստը ՄԻԵԴ-ը ճանաչել է։

Վիրաբյանին խոշտանգողը՝ Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ոչ միայն չի ենթարկվել պատասխանատվության, այլև պաշտոնի բարձրացում է ստացել և հովանավորվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից։