Home / Армения / Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավճիռը կայացվեց

Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավճիռը կայացվեց

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավճիռ: Ըստ այդմ, Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի նախկին պետ, գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Չարենցավանի ոստիկանության օպեր լիազոր Մորես Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել, հայտնում է Lragir.am-ը:
 
Դատավճիռն ընթերցելիս դատարանի դահլիճում չի եղել պետական մեղադրողը` Կորյուն Փիլոյանը: Դատավճռից հետո Աշոտ Հարությունյանի և Վահան Խալաֆյանի հարազատները, ովքեր դժգոհ էին դատավճռից, դալիճում և դահլիճից դուրս հայտարարել են, թե գլխավոր դատախազը կաշառք է վերցրել, և դատավարությունը գնացել է նման հունով:
 
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը, ով ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, ըստ պաշտոնական վարկածի խոշտանգումների էր ենթարկվել ոստիկանների կողմից, ապա ինքնասպանություն գործել` դանակի երկու հարված հասցնելով ինքն իրեն: Սակայն դատարանի դահլիճում պաշտոնական այս վարկածն այդպես էլ չապացուցվեց, նաև չքննվեցին ի հայտ եկած նոր հանգամանքները: