Home / Դատարան / Կալանավորում, հաղթանակ, ինքնաբացարկ, նորից կալանավորում․ Բերդ

Կալանավորում, հաղթանակ, ինքնաբացարկ, նորից կալանավորում․ Բերդ

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվել է․ նա մեղադրվում է ապօրինի շինարարություն անելու, պաշտոնական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։

Մանուչարյանը ձերբակալվել էր երեկ՝ Բերդի նորընտիր ավագանու նիստից անմիջապես առաջ։ Նիստի ընթացքում ավագանին համայնքի ղեկավար էր ընտրելու։ Համայնքապետ դառնալու հավակնություններ նա այլևս չուներ։ 

Չնայած նրա գլխավորած ուժը` «Զորավոր համայնք» դաշինքը, սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում ստացել էր ավագանու մանդատների 50 տոկոսից ավելին, ինչը նշանակում է, որ Մանուչարյանը օրենքի ուժով ընտրվել էր համայնքապետ, նա անսպասելիորեն ինքնաբացարկ էր ներկայացրել։ Ընդ որում՝ մանդատից հրաժարվելու դիմումը նա գրել էր բանտում, որտեղ գտնվում էր 2021թ․ նոյեմբերից։

Մանդատից հրաժարվելու հաջորդ իսկ օրը Մանուչարյանը (6 միլիոն դրամ գրավի դիմաց) ազատ էր արձակվել։ Իրավապաշտպանները ահազանգում էին՝ տեղի ունեցածը հիմնավոր կասկածներ է հարուցում, որ նորընտիր համայնքապետը պաշտոնը զիջել է հանուն ազատության (կամ քրեական գործն էր շինծու, կամ այն կփակվի ապօրինաբար)։

Այժմ՝ ընտրություններից երկու ամիս անց, Հարություն Մանուչարյանը կրկին կալանավորվել է։ Այս անգամ՝ արդեն նոր մեղադրանքով։


Մանուչարյանի նախընտրական պաստառը

Հին և նոր մեղադրանքները

10 տարի Բերդ համայնքը ղեկավարած նախկին հանրապետական Հարություն Մանուչարյանը առաջին անգամ կալանավորվել է 2021 թվականի նոյեմբերի 9-ին։

Քննչական կոմիտեի տարածած ծավալուն հաղորդագրության համաձայն, Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքը իր, որդու, կնոջ, խնամու անձնական շահերին ծառայեցնելու, ապօրինաբար գույք կուտակելու, հողամասեր օրինականացրելու, չարաշահումներ և կեղծիքներ կատարելու համար։ 

Գործը արդեն դատարանում է։ Հոկտեմբերի 8-ին՝ ինքնաբացարկի հաջորդ օրը, Մանուչարյանը ազատ էր արձակվել՝ հիմնավորմամբ, որ վկաներն արդեն հարցաքննվել են, հետևաբար դատաքննության վրա ազդելու հիմքերը կարելի է համարել վերացված։ 

Այժմ նրա նկատմամբ նոր քրեական վարույթ է հարուցվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ նա իր պաշտոնավարման տարիներին չի դադարեցրել ապօրինի շինարարությունը, պաշտոնեական կեղծիք է թույլ տվել և չարաշահել լիազորությունները։ 

Ինչո՞վ է նոր քրգործը տարբերվում հնից՝ պարզ չէ․ մանրամասները դեռև չեն բացահայտվում։

Ավագանու նիստ, նոր համայնքապետ

Ավագանու նոյեմբերի 10-ի նիստը, ըստ նախատեսվածի, պետք է վարեր Հարություն Մանուչարյանը, որը դեռ երեկ Բերդի փաստացի համայնքապետն էր համարվում։ Մանուչարյանը ձերբակալվեց։ Ավագանու 21 անդամներից 11-ը քվեարկեց նախկին համայնքապետի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանի օգտին։ Նոր համայնքապետը դաշինքի ցուցակում երրորդ համարն էր զբաղեցնում։

Առաջինը այսօր կալանավորված Հարություն Մանուչարյանն էր, երկրորդը՝ սեպտեմբերին կալանավորված Սամվել Հովսեփյանը, որը Մանուչարյանի նախորդ կալանքից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կատարել է համայնքապետի պարտականությունները։ 

Հովսեփյանը բանտում է, ձերբակալվել է սեպտեմբերի 25-ի ընտրությունների գիշերը՝ նախընտրական խախտումների, ավելի կոնկրետ՝ մանկապարտեզի տնօրենի նկատմամբ իրենց ընտրական ցուցակում ընդգրկվելու հարկադրանքի և աշխատանքից ազատելու սպառնալիքի համար։ Կալանավորվելուց հետո նա նույնպես իքնաբացարկ է ներկայացրել։


Սամվել Հովսեփյանը՝ Մանուչարյանի պաստառի ֆոնին