Ոստիկանները՝ մանկահասակ երեխաների աչքի առաջ, ծեծելով, քաշքշելով, գետնին տապալելով, հայհոյելով բերման են ենթարկում նրանց հորը։ Երկու կարճ տեսանյութերը, որոնցից մեկում երևում է բերման ենթարկելու պահը, մյուսում՝ ականատես երեխաները, հրապարակվել են երեկ՝ դեպքից ժամեր անց։
Բռնության զոհը Վազգեն Ռաֆայելյանն է, որը ինքնակամ շինություն է կառուցել Երևանի ծայրամասային Կուրղինյան 3/15 հասցեում։
Շինության մի մասում, ըստ փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի, ապրում էր Ռաֆայելյանի ընտանիքը, մյուս մասը ծառայում էր որպես արհեստանոց՝ մեքենաներ էին վերանորոգում, պահեստամասեր պահում․․․
Երևանի իշխանությունը որոշել է, որ շինությունը ենթակա է քանդման։ Հոկտեմբերի 13-ին այնտեղ են եկել քաղաքապետարանի աշխատակիցներն և մի խումբ ոստիկաններ։ Ամեն ինչ ավարտվել է նրանով, ինչ երևում է տեսանյութերում․
Ի՞նչ է տեղի ունեցել մինչ այս՝ տեսանյութերից պարզ չէ։ Փաստաբանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է, որ տարածք է եկել՝ ապամոնտաժման որոշման մասին իմանալուց հետո։ Քաղաքապետարանի այս որոշումը (№3688) նա ապօրինի է որակում․ նախորդն, ըստ նրա, դեռ վիճարկվում է վարչական դատարանում, ուստի՝ գործընթացը պետք է սառեցվեր։
Հասմիկ Մարտիրոսյանը շեշտում է՝ ապամոնտաժման մասին իրենց նախօրոք չեն ծանուցել, մարդիկ չեն հասցրել գույքը դուրս բերել․․․
Կատարողների հետ բանակցությունները, ըստ նրա, մոտ մի ժամ են տևել, հետո ոստիկանները սկսել են քաշքշել մարդկանց, քանդել շինությունը։ Վազգեն Ռաֆայելյանը բերման է ենթարկվել։ Երեխաները այդ ընթացքում եղել են բակում։
«Ես չեմ էլ սպասել, որ երեկ մարդ պետք է գար։ Իմանայի՝ երեխեքին չէի թողնի, որ այստեղ լինեին։ Ահավոր տեսարան էր, չէի ուզի, որ երեխեքը այստեղ լինեին․․․», – news.am-ի հետ զրույցում պատմել է Ռաֆայելյանը։
Ըստ նրա՝ երբ ոստիկաններն ու կատարողները եկել են, ինքը տանը չի եղել։ Խանութից հետ է եկել, երեխեքից և հորից իմացել, որ եկել են ապամոնտաժելու։
«Ես չգիտեմ՝ ինչի համար ինձ տարան ընդհանրապես կամ ինչի տենց տարան․․․ Նենց տարան, ոնց որ մի հատ հանցագործի, պոտենցիալ հանցագործի։ Ոչ ինձ անշնորք եմ պահել, ոչ հայհոյել եմ, ոչ ինչ-որ մի բան․․․ Խոսացել եմ, խնդրել եմ, ժամանակ եմ ուզել, ասել եմ՝ մեկ օր ժամանակ տվեք, խնդրում եմ, երեխեքը ստեղ են․․․ Ոնց որ սպասում էին, որ դուրս գամ [շինությունից], որ միանգամից տանեն ինձ ու քանդեն շենքը», – ասում է տղամարդը։
Երբ մոտեցել են ոստիկանները, երեխաները, ըստ Ռաֆայելյանի, իր հետ են եղել․ «Դուրս եկա մուտքի մոտ, երեխուն գրկիցս վերցրին, քաշելով տարան էն կողմն, ինձ էլ այստեղից ծեծելով տարան հասցրեցին էնտեղ, պարկացրեցին գետնին, նառուչնիկները գցեցին ձեռքերիս ու տարան․․․»։
Փոքր որդին 5 տարեկան է, միջնեկ դուստրը՝ 10, մեծը՝ 13։ Երեխաները, նրա խոսքով, ահաբեկված են, չեն քնում, ամենափոքրին առավոտյան նույնիսկ բժշկի են ստիպված եղել տանել․․․
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից այսօր հայտարարել են, որ համացանցում հայտնված վիդեոները ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով։ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։