Home / Մշակույթ / Երկրները որտեղ եվրոպացիները և ոչ եվրոպացիները խառնվել են՝ ազգ չեն

Երկրները որտեղ եվրոպացիները և ոչ եվրոպացիները խառնվել են՝ ազգ չեն

Եվրոպայում քննադատության ալիք է բարձրացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը Ռումինիայում՝ հունգարացիներով բնակեցված արևմտյան թաղամասում, որի ժամանակ Օրբանը հայտարարել է, որ դեմ է եվրոպական և ոչ եվրոպական ռասաների խառնվելուն։ 

«Կա աշխարհ, որտեղ եվրոպացիները խառնվում են եվրոպայից դուրս մարդկանց հետ։ Դա խառնված ռասաների աշխարհն է։ Եվ կա աշխարհ, որտեղ եվրոպացիները խառնվում են միմյանց հետ»,- ասել է Հունգարիայի վարչապետը, հավելելով, որ երկրները որտեղ եվրոպացիները և ոչ եվրոպացիները խառնվել են, այլևս ազգ չեն։

2014 թվականին նույն թաղամասում Օրբանը հայտարարել էր, որ ուզում է Հունգարիայում ոչ լիբերալ դեմոկրատիա ստեղծել։ 

Ելույթից հետո Հունգարիայի վարչապետի խորհրդական Ժուժա Հեգեդուսը հրաժարական է տվել, հայտարարելով, որ Օրբանի ելույթն, ըստ էության, «մաքուր նացիստական դիատրիբա էր»։ Ըստ վերլուծաբանների, հունգարացի խորհրդականի հրաժարականը դժվար թե ինչ-որ բան փոխի իշխող կուսակցության գործունեության մեջ։

Որոշ հունգարացիների կարծիքով Վիկտոր Օրբանը աչքի ընկնող այս հայտարարություններով փորձում է շեղել ժողովրդի ուշադրությունը տնտեսական ոլորտի խնդիրներից։ 

Հիշեցնենք, որ Վիկտոր Օրբանը մինչև վերջին ժամանակները համեմատաբար լավ հարաբերություններ էր պահպանում Մոսկվայի հետ, իսկ այս տարվա գարնանը Հունգարիան դեմ է եղել ԵՄ կողմից ռուսական նավթի նկատմամբ էմբարգո սահմանելուն։ Այնուամենայնիվ, Հունգարիան վերջին 8 տարիների ընթացքում անփոփոխ կերպով կողմ է քվեարկել Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին։