Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կամավոր բժշկական ամլացման (ստերջացում) մասին նախագիծ, որը հնարավորություն է տալիս անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված մարդկանց՝ բժշկական ցուցումներով ամլացումն իրականացնել դատարանի որոշմամբ (առանց անձի համաձայնության)։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միության՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Մուշեղ Հովսեփյանը պահանջում է հանել այս դրույթը նախագծից։
«Կամավոր բժշկական ամլացումը վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում:
Ըստ նախագծի՝ կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով՝ անհատի գրավոր և իրազեկված համաձայնությամբ:
Ամեն ինչ կարգին է մինչև հետևյալ պահը: Դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց բժշկական ցուցումներով ամլացումը պետք է իրականացվի դատարանի որոշմամբ:
Ոչ ոք բացի մարդուց (այդ թվում՝ մտավոր և հոգեկան հաշմանդամություն ունեցող անձինք) չպետք է ունենան իրավունք նման ճակատագրական որոշում կայացնելու ուրիշի մարմնի մասին: Ոչ ոք, այդ թվում՝ պետությունն իր դատարանների միջոցով չի կարող այդ որոշումը կայացնել: Որքան էլ դա դուր գա ոմանց, թե ոչ: Այս դրույթի առկայությունը խախտում է նախագծի՝ կամավորության սկզբունքի վրա հիմնված լինելը, սա դարձնում է այն «հարկադիր ամլացման մասին» նախագիծ:
Անձից անընդհատ իրավուքներ «խլելու» միտումը պիտի դադարեցվի, անձինք խնդիրների են բախվում, որովհետև ամեն ինչ անմատչելի է, իսկ բավարար աջակցություն չեն ստանում: Օրինակ՝ գիտե՞ք մի ձեռնարկ, որ մեր շատ մտահոգ պետությունը մշակած լինի այս ընթացքում անցանկալի հղիությունների կանխարգելման մասին՝ մատչելի մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց: Իսկ ինչու՞ պիտի այդ ամենի պատճառով կրկին տուժի անձը: Իսկ այսօրվա անգործունակության համակարգի անմարդկային լինելու մասին շատ ենք խոսել, մեր կազմակերպության էջում պարբերաբար պատմություններ ենք հրապարակում: Միամտաբար պետք չէ կարծել, որ այդ որոշումները բխելու են անձի շահից, մի համակարգով, որը ծառայում է մարդկանց ունեզրկելու կամ հաստատություն տեղափոխելու համար», – գրել է Հոսվեփյանը:
Նախագծից դրույթը հանելու առաջարկը պաշտոնապես կուղարկվի նախարարություն՝ անհրաժեշտ բոլոր իրավական հիմնավորումներով, հավելել է իրավապաշտպանը՝ ընդգծելով․ «1998 թվականից գործող կառավարության որոշումն ավելի առաջադեմ էր. «Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք»»։