Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց օգոստոսին ընդունած որոշումը՝ անապահով սոցիալական պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների համար «Երեխաների քաղաք» կառուցելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը Շահումյան և Տափերական համայնքներում հողամասեր հատկացնելու մասին։
Հիշեցնենք, որ որոշումն ընդունվել էր 2019 թվականի օգոստոսի 8-ին։ Նախատեսվում էր, որ պետությունը «Հայկական Կարիտասին» անհատույց հողամասեր և վարելահողեր կտրամադրի Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում, որտեղ հետագայում կկառուցվի «Երեխաների քաղաքը»․ բարեգործական կազմակերպությունը որոշել էր առանձին քաղաք ստեղծել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխայի և նրանց ընտանիքների համար։ Կազմակերպությունը պնդում էր՝ դա կնպաստի վերջիններիս լիակատար զարգացմանն ու մանկական աղքատության կրճատմանը։
Ծրագրի բազմաթիվ քննադատները, այդ թվում և Մարդու իրավունքների պաշտպանը, հակադարձում էին՝ ծրագիրը կառուցվում է մեկուսացման և գետոյացման սկզբունքով, ինչը հակասում է ներառականության պահանջին և երեխայի լավագույն շահին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միացել էին քննադատություններին։ Սոցապը նշել էր, որ ծրագիրն ակնհայտ հակասում է այաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներին և Կառավարության կողմից այժմ իրականացվող մի շարք ծրագրերին։ Իսկ ԿԳՄՍ-ն, որ նմանօրինակ ծրագիրը ներառականության սկզբունքներ ընդունած մեր երկրի համար ընդունելի չէ:
Նախատեսվում է իրականացնել ծրագրի վերանայման աշխատանքներ։ Ծրագրի փոփոխությունից հետո, անհրաժեշտության դեպքում, կքննարկվի նոր հողամաս հատկացնելու հարցը։