Օգոստոսի 3-ին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի նյարդաբանական բաժնում ՄԻԱՎ-ի մասին իմանալուց հետո հրաժարվել են ընդունել և բուժծառայություն տրամադրել ՄԻԱՎ-ով ապրող պացիենտին։ Իրավապաշտպանները սա խտրականություն են որակել, բժիշկը՝ «մեխանիկական կարգավորելու հարց», նախարարությունը՝ «թյուրիմացություն»։ Մի քանի ժամ անց խնդիրը շտկվել է։ Բուժող բժշկի արձագանքը, ամեն դեպքում, մտահոգությունների տեղիք է տալիս։
Կեսօրից հետո «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունը ահազանգել էր, որ նյարդաբան Մարինա Տատինցյանը ՄԻԱՎ-ի մասին իմանալուց հետո մերժել է ծառայությունների տրամադրումն ու առաջարկել պացիենտին «գնալ ձեր նմանների հիվանդանոց»։
Epress.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահը պատմեց, որ պացիենտը գլխուղեղի ախտահարումով ԲԿ է դիմել դեռ ապրիլ-մայիսին, հետազոտելուց հետո բժիշկը վերականգնողական բուժում է նշանակել և ուղարկել պետպատվերի թղթերը հավաքելու։
«Այսօր արդեն՝ պարկացնելուց առաջ, թղթերը նայել, մեջը ՄԻԱՎ-վարակ են տեսել և չեն ընդունել։ Բժիշկն ասել է, որ մինչ այդ չէր հասկացել, որ նա ՄԻԱՎ ունի։ Իմանալուց հետո որոշել է մերժել՝ պատճառաբանելով, որ առանձին պալատները զբաղված են, ընդհանուր պալատում էլ չեն կարող ընդունել։ Մարդը բուժման նպատակով հեռավոր մարզից եկել, հասել էր այստեղ․․․ Հետո մեր սոցիալական աշխատողն է նաև խոսացել։ Բժիշկն ասել է՝ «գնացեք ձեր նմանների համար նախատեսված հիվանդանոց», – պատմեց իրավապաշտպան Ժենյա Մայիլյանը։
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար «հատուկ» հիվանդանոցներ, իհարկե, չկան․ բոլոր հիվանդանոցներն էլ, ըստ ցուցումի, պարտավոր են ընդունել։ ՄԻԱՎ-ի հիմքով մերժումն այս առումով խտրականության կոպիտ դրսևորում է։
Ֆեյսբուքյան ահազանգին անմիջապես արձագանքել է առողջապահության նախարարությունը․ «Կապվել են մեզ հետ, հիմա փորձում ենք լուծում տալ խնդրին», – ասաց իրավապաշտպանը։
Ավելի ուշ մեզ հաջողվեց կապ հաստատել նաև բժիշկ Մարիա Տատինցյանի հետ։ Նա անմիջապես հավաստիացրեց, որ որևէ միջադեպ չկա, «ուղղակի մեխանիկական կարգավորելու հարց է», որը «վաղը կկարգավորվի»։
Epress.am. — Այսինքն՝ պացիենտին կընդունե՞ք։
Բժիշկ Տատինցյան․ — Այո, այո։
— Իսկ ինչո՞ւ այսօր չեք ընդունել։
— Տեղերի հարց է։ Մենք պետք է առանձին տեղ իրեն հատկացնենք, որ զուգարանը առանձին լինի։
— Ինչո՞ւ։
— Ինքը չի կարող ընդհանուր պալատում․․․
— Ինչո՞ւ։ ՄԻԱՎ-ը հակացուցվա՞ծ է ընդհանուր պալատի համար։
— Չէ, տենց խիստ հակացուցում չկա։ Բայց դե հիմա․․․ հիվանդները թող հանգիստ իրենց բուժումները ստանան։ Ինքը քայլող չի, ուզում է իր առանձին զուգարանն ունենա․․․
— Պացիենտն է ուզո՞ւմ։
— Այո, ինքն է ուզել։ Ինքն էտ պահանջն է դրել ի սկզբանե, որ զուգարանը առանձին լինի։ Հետո․․․ ցանկալի է, իհարկե, որ այդ զուգարանից ուրիշ պացինետները չօգտվեն։
— Ինչո՞ւ։ ՄԻԱՎ-ի պատճառո՞վ։
— Չէ․․․ Մեզ մոտ սովորական հիվանդներ են՝ նյարդաբանական։ Ինքը երևի․․․ ամաչում է։
Խնդիրն արդեն շտկված է՝ Epress.am-ի հետ հեռախոսազրույցում էլ հավաստիացրեց առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Թյուրիմացություն է եղել։ Խնդիրն արդեն լուծված է։ Նախարարությունը հենց տեղեկացել է հարցի վերաբերյալ, ամեն ինչ արվել է՝ քաղաքապետարանի հետ ենք խոսել, ԲԿ-ի հետ։ Խնդիրը լուծված է, հիվանդին բժշկական սպասարկում կտրամադրվի [նույն հիվանդանոցում], – ասաց Խաչատրյանը՝ հավելելով․ – Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի բուժօգնություն ստանալու և այստեղ չի կարող հարց առաջանալ․․․ Նման դեպքերում ես խորհուրդ կտամ զանգահարել ԱՆ թեժ գիծ, տեղեկացնել։ Այդ դեպքում հարցերը շատ արագ լուծում կստանան»։