Մինչև մարտի վերջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամբողջությամբ նոր՝ «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» օրինագծեր կներկայացնի կառավարությանը:
Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն անցած տարվա հունիսից շրջել է ամբողջ Հայաստանով, յուրաքանչյուր մարզում առնվազն երեք բնակավայր այցելել, քննարկել «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակն ու ստացել տարբեր առաջարկություններ։ Բացի դա, օրինագիծն ուղարկվել է մի շարք հասարակական, այդ թվում՝ միջազգային, կազմակերպությունների և գերատեսչությունների, ինչի արդյունքում նույնպես ստացվել են առաջարկներ։ Որոշակի շտկումներից հետո, այն կուղարկվի կառավարություն, որի դրական եզրակացության դեպքում, օրինագիծը կմտնի Ազգային ժողով։
Առաջինով կարգավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքին նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովման հետ կապված հարցերը։ Նախագծում տրված են տարատեսակ հասկացությունների ձևակերպումներ, ինչպիսիք են՝ ունիվերսալ դիզայն, անկախ կյանք, խելամիտ հարմարեցում և այլն։
«Օրենքում շատ կարևոր մեխանիզմներ են ներկայացված, որոնց միջոցով նաև ապահովվելու է ընթացքն ու ընթացակարգը, գնահատվելու է արդյունավետությունը, ծրագրեր և մոնիթորինգ է իրականացվելու», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Գասպարյանը։
Օրենքով Մատչելիության հանձնաժողովի ստեղծում է նախատեսվում, որը կհետևի նախանշված որոշումների իրականացմանը։ Կառույցը գործառույթներ և պատասխանատվության շրջանակ կունենա, որպեսզի ապահովվի մատչելիության հետ կապված խնդիրների հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումը։
«Ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը թույլ կտա ստեղծել հաշմանդամություն ունեցող անձի գնահատման նոր համակարգ, որն իրականացվելու է ոչ թե այս պահին գործող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների տրամաբանությամբ, այլ ռեեստրի միջոցով։
«Ռեեստրը ո՛չ թե լինելու է հիմնական հանձնաժողով, այլ պատահականության սկզբունքով մասնագետներն ընտրվելու են, որպեսզի իրականացնեն այդ գնահատման գործընթացները։ Գնահատման արդյունքում ո՛չ թե լինելու է հաշմանդամության առաջին կարգ, երկրորդ կարգ, երրորդ կարգ և հաշմանդամ երեխա կարգավիճակ, այլ լինելու է «թույլ», «միջին», «ծանր», «խորը» ֆունկցիոնալ սահմանափակման վերաբերյալ որոշում, որը ենթադրում է ծառայությունների անհատական ծրագիր․ յուրաքանչյուր մեր քաղաքացուն մենք փորձելու ենք մաքսիմում օժանդակել, որպեսզի իրենք հաղթահարեն իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները», ֊ ասել է նախարարի առաջին տեղակալը։
Գասպարյանը հույս է հայտնել, որ 2020 թվականի ընթացքում երկու նախագծերն էլ օրենք կդառնան։