Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ քաղաքացիներից, հիմքերի բացակայության պայմաններում, հաշմանդամության կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներ, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և զուգակցված քննչական գործողությունների իրականացման արդյունքում կաշառք ստանալու պահին նշյալ պաշտոնատար անձը բռնվել և բերման է ենթարկվել։
Անհերքելի ապացույցների ճնշման ներքո բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչը հաշվի առնելով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հանցադեպերը և կոռուպցիոն շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ: