2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար, բացի պետական տուրքի վճարումից, քաղաքացիներին պարտադրել է գումարներ փոխանցել նույն վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին և ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը, հակառակ դեպքում նա սպառնացել է չտրամադրել շինարարության իրականացման թույլտվություն, հայտնում է Դատախազությունը։
Ըստ Դատախազության, այդ կերպ 2013թ. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում անհատական 2 տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներից մեկին պարտադրվել է «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել շուրջ 600.000, մյուսին՝ 50 հազար ՀՀ դրամ: Մեկ այլ դեպքում՝ 2013-2014 թ-ի ընթացքում, Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ապօրինի շինությունը օրինականացնելու և նոր շինանարարության կատարման թույտվություն տալու համար քաղաքացուն պարտադրվել է բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 1.500.000 ՀՀ դրամ:
«Արդյունքում տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով քաղաքացիներին պատճառվել է գույքային էական վնաս, ինչպես նաև այդ գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է պետության բարի համբավը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Նախաքննության ընթացքում ողջ ծավալով քննության առարկա կդառնա նշված բարեգործական հիմնադրամին նման եղանակով նաև այլ դրամական փոխանցումներ կատարված լինելու հավանականությունը, Ավան վարչական շրջանի ինչպես տվյալ, այնպես էլ այլ պաշտոնատար անձանց նմանատիպ հնարավոր գործողություններից այլ տուժողների առկայությունը, որի հիման վրա կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ», – ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում: