Ազգային անվտանգության ծառայությունը(ԱԱԾ) հակակոռուպցիոն իր գործառույթների շրջանակներում բացահայտել է Պետական եկամուտների կոմիտեի(ՊԵԿ) աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
ԱԱԾ-ի նախնական տվյալների համաձայն՝ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տեսչության գլխավոր տեսուչը՝ տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 դրամի արժեքի չափով): Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:
«Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է,» ― նշված է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ։